«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան
05 Հուլիսի 2026, 14:40
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ՝ ամփոփելով անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և հանրությանը ներկայացնելով քաղաքական ուժի հետագա ռազմավարությունն ու ճանապարհային քարտեզը։
Իր խոսքում Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանը նորանկախ Հայաստանի պատմության ամենաթույլ վարչապետն է։
«Սիրելի՛ հայրենակիցներ, այս ընտրություններն առաջին անգամ հստակ ցույց տվեցին, որ Հայաստանի վարչապետն այլևս չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը։ Այսօր երկիրը ղեկավարում է մի վարչապետ, որը չունի ժողովրդի հստակ և ուժեղ մանդատը։ Նիկոլ Փաշինյանը կիրառեց իշխանական ռեսուրսի գրեթե բոլոր այն մեթոդները, որոնք բնորոշ են ոչ ժողովրդավարական վարչակարգերին, սակայն նույնիսկ այդ պայմաններում չկարողացավ ստանալ մեծամասնության աջակցությունը։ Նա նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաթույլ վարչապետն է, և սա հայ ժողովրդի համախմբվածության ու փոփոխության կամքի ամենավառ ապացույցն է»,- նշել է Կարապետյանը։
Ըստ բանախոսի՝ ընտրությունների արդյունքներով ակնհայտ դարձավ, որ հանրությունը դեմ է գործող վարչախմբի որդեգրած կուրսին։
«Այս ընտրություններից հետո մեկ բան ակնհայտ է՝ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է Փաշինյանի իշխանության դեմ։ Ժողովուրդը մերժել է եկեղեցու դեմ տարվող պայքարը և ազգային ինքնության թուլացման քաղաքականությունը, մերժել է Սահմանադրությունը փոփոխելու և ազգային շահերի հաշվին զիջումների գնալու ծրագիրը, մերժել է այն տնտեսական քաղաքականությունը, որը նվազեցնում է մարդկանց կենսամակարդակը։ Չնայած վարչական ճնշումներին ու ընտրախախտումներին՝ Փաշինյանը չկարողացավ իրականացնել իր գլխավոր քաղաքական նպատակը՝ սահմանադրական մեծամասնության ապահովումը»,- հավելել է Նարեկ Կարապետյանը։
Անդրադառնալով ամենաքննարկվող հարցին՝ Ազգային ժողով գնալու կամ չգնալու որոշմանը, Կարապետյանը մանրամասնեց կուսակցության ներսում տեղի ունեցած քննարկումներն ու դիտարկված տարբերակները։
«Որոշումն ընդունելուց առաջ մենք քննարկել ենք երկու սցենար։ Առաջինը՝ գնալ Ազգային ժողով և ունենալ օրենսդիր ներկայացվածություն, և երկրորդը՝ հրաժարվել մանդատներից։ Դիտարկեցինք նաև փողոցային պայքարի տարբերակը։ Վերլուծությունը ցույց տվեց, որ միայն օրենսդիր մարմնում լինելով՝ անհնար է բանակցություններով իշխանական պատգամավորներին համոզել, որ փոփոխություն է պետք։ Մյուս կողմից, եթե փողոցում հայտնվեր անգամ 70–80 հազար մարդ, բայց խորհրդարանում չունենայինք պատգամավորներ, ովքեր կձևակերպեին այդ փոփոխությունները, իշխանափոխության հասնելն անհնար կլիներ։
Մենք եկանք մի կարևոր եզրահանգման. որպեսզի Հայաստանում տեղի ունենա արմատական փոփոխություն, անհրաժեշտ է երկու գործոնի համակցում՝ փողոցային պայքար և ընդդիմության մեծ ներկայացվածություն Ազգային ժողովում։ Այս համադրությունը կբերի վերջնական ու խաղաղ փոփոխության։ Ուստի մեր կուսակցության համար ճիշտ որոշումը մանդատները վերցնելն է, որպեսզի ապահովենք այն ներկայությունը, որը վաղը կաջակցի նաև փողոցային պայքարին»։
Միևնույն ժամանակ, Նարեկ Կարապետյանը շեշտեց, որ մանդատները վերցնելը չի նշանակում ճանաչել ՔՊ-ի ստացած տոկոսների լեգիտիմությունը։
Որպես հետագա անելիքների ճանապարհային քարտեզ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց համայնքային ընտրություններին ակտիվորեն մասնակցելու մտադրության մասին։
«Այս ամբողջ ընթացքում ընտրախախտումների մեջ նշանակալի դեր ունեցավ համայնքներում ՔՊ-ի տեղական ներկայացուցիչների վարքագիծն ու ճնշումները։ Մենք պետք է «կտրենք Քաղաքացիական պայմանագրի թևերը» ողջ Հայաստանով մեկ, որպեսզի նրանք հնարավորություն չունենան ամեն գյուղում ու քաղաքում ճնշել մեր հայրենակիցներին։ Սա կբերի շատ ավելի դրական արդյունքների հետագա գործընթացներում՝ թե՛ արտահերթ, թե՛ հերթական ընտրությունների ժամանակ»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը։