ՀՀ ԲՏԱ նախարարը չի շարունակի պաշտոնավարումը նոր կառավարության կազմում

09 Հուլիսի 2026, 13:56

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը խորհրդարանական ընտրություններից հետո նոր ձևավորվելիք Կառավարության կազմում:

Հուլիսի 9-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մխիթար Հայրապետյանն ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը նոր ձևավորվելիք Կառավարության կազմում»,-ասաց վարչապետը։  

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնը թողնելուց հետո քաղաքական գործունեության մասին հարցին, որի ձևակերպման մեջ լրագրողն օգտագործեց «քաղաքական ճակատագիր» արտահայտությունը, վարչապետ Փաշինյանը նշեց. 

«Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի մասին խոսք չի կարող լինել։ Խոսքը հետագայում նրա ներգրավվածության ձևաչափի մասին է, հիմա քննարկում ենք, մտածում ենք, լուծումներ լինեն՝ կտեղեկացնենք»։

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի են ունեցել հունիսի 7-ին: Նոր ձևավորվելիք՝ 9-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինեն «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 64 մանդատով, «Ուժեղ Հայաստանը»՝ 29 մանդատով և «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատով: ՔՊ-ն կձևավորի նոր կառավարություն, և վերջին շրջանում ակտիվացել են գործող նախարարների հետագա պաշտոնավարման վերաբերյալ հարցերը: Փաշինյանն արդեն հայտարարել էր, որ կազմը մեծ փոփոխությունների չի ենթարկվի: 

Մխիթար Հայրապետյանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թվականից: