«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
09 Հուլիսի 2026, 23:10
Հուլիսի 9–ին «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց երկու ամսով: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Մայր Հայաստան» կուսակցությունը։
«Արեգնազ Մանուկյանը չի խուսափել հարցաքննությունից, խնամքի տակ ունի անչափահաս երեխա, սակայն այսօրվա Հայաստանի իրավական համակարգը ոչ թե արդարադատություն, այլ ռեժիմի ընդդիմախոսների հանդեպ քաղաքական հալածանքներ է իրականացնում։ Դատական գործերը, բնակարանների խուզարկությունները, ձերբակալությունները վերածվել են ուղղակի պատժի եղանակի։
«Մայր Հայաստանը» կոչ է անում հանրությանը, քաղաքական ուժերին զգոն լինել և թույլ չտալ, որ Հայաստանում վերջնականպես հաստատվի կատարյալ բռնապետական ռեժիմ։ Մենք ապավինում ենք մեր քաղաքացիների գիտակցությանն․ այսօր եկել են Արեգնազ Մանուկյանի, վաղը կգան մեզանից յուրաքանչյուրի ետևից։
Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը։
Դեռևս ուշ չէ։ Վաղը կարող է արդեն ուշ լինել։
Միայն համատեղ քայլերով է հնարավոր կանգնեցնել Հայաստանի՝ դեպի անխուսափելի աղետ ընթացող գործընթացը»,-նշված է հայտարարության մեջ։