Ցանկացած այլախոս այս իշխանության կողմից ճանաչվում է որպես թշնամի․ Լարիսա Ալավերդյան

14 Հուլիսի 2026, 21:10

Քաղաքականություն

Հայաստանում քաղաքական հետապնդումների թեման և ատելության խոսքի տարածումը վաղուց արդեն կարելի է բնորոշել որպես «դոմեստիկ ռասիզմ»՝ ներքին ռասիզմ։ Այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով ստեղծված հանձնախմբի առաջին մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում ատելության խոսքն ու թշնամանքի մթնոլորտը տարածվել են հասարակության տարբեր շերտերում։

«Այն խավը, որը գրագետ է, օրինապահ է, հստակ գիտակցում է թե՛ ուրիշների, թե՛ սեփական արժանապատվության արժեքը, այսօր հայտնվել է մի իրավիճակում, երբ անգամ ՔՊ-ական շատ քաղաքագետներ ասում են, թե ընդդիմությունը թշնամի է։ Այսինքն՝ այլ կարծիք ունեցողը»,- ասել է Լարիսա Ալավերդյանը։

Նա նաև նշել է, որ իրեն ընդդիմադիր չի համարում, քանի որ կուսակցական չէ և որևէ քաղաքական գործընթացի չի մասնակցել:

«Ցանկացած այլախոս այս իշխանության կողմից ճանաչվում է որպես թշնամի, այլ ոչ թե որպես ընդդիմություն։ Այսօր մենք պարտավոր ենք ինչ-որ կերպ միավորվել և վերջ տալ այս վիճակին»,- ընդգծել է Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ թշնամանքի մթնոլորտը տարածվում է ոչ միայն հասարակության մեջ, այլ նաև հասել է ընտանիքներ, բարեկամական և ընկերական շրջանակներ։

Ալավերդյանը հավելել է, որ քաղաքական հետապնդումների ենթարկվող անձինք միաժամանակ դարձել են նաև անձնական ատելության թիրախ, ինչը նա որակել է որպես 21-րդ դարում «վենդետայի դրսևորում»։

Հիմա եթերում