Իշխանությունը պատրաստ է զրկել հասարակ քաղաքացիներին ապրուստի միջոցից․ Էլինար Վարդանյան
14 Հուլիսի 2026, 21:40
Գործող վարչախումբը ոչ միայն քաղաքական հալածանքներ է իրականացնում, այլև սեփական ծրագրերն առաջ տանելու ճանապարհին պատրաստ են հասարակ քաղաքացիներին զրկել ապրուստի միջոցից։ Այս մասին քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով ստեղծված հանձնախմբի առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Մենք ականատես եղանք, թե ինչպես Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը հաջորդեցին մի շարք ձեռնարկությունների գործունեության կասեցումն ու կապարակնքումը։ Սա փաստում է, որ այս իշխանությունը պատրաստ է ոտնահարել ցանկացած հիմնարար իրավունք՝ սկսած անձի կյանքի ու ազատության իրավունքներից մինչև աշխատանք ունենալու հնարավորությունը»,- նշել է Վարդանյանը։
Նա հավելել է, որ նոր ձևավորված հանձնախումբն իր առջև խնդիր է դրել պաշտպանել քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքները, ինչպես նաև զբաղվել Բաքվում և Հայաստանում ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերով։