Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քաղբանտարկյալները զոհաբերվում են խաղաղության գործընթացին․ Հովհաննես Իշխանյան

14 Հուլիսի 2026, 22:15

Քաղաքականություն

Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է ռեկորդային՝ 375-ի։ Նրանց թվում են իրավապաշտպաններ, ակտիվիստներ, քաղաքագետներ, գիտնականներ, լրագրողներ և կրոնական գործիչներ։ Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով ստեղծված հանձնախմբի ասուլիսի ժամանակ հայտարարել է հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը։

Մինչդեռ, ըստ նրա, եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Բաքու անցնում են լռության քողի տակ՝ առանց քաղբանտարկյալների կամ հայ գերիների հարցը բարձրացնելու։

Անդրադառնալով միջազգային հանրության կեցվածքին ՝ Հովհաննես Իշխանյանը նշել է.

«Այս տարվա մայիսի սկզբին Եվրամիության արտաքին հարցերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի, իսկ մեկ ամիս առաջ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Բաքու կատարած այցերի ժամանակ, Եվրոպայի խորհուրդը թեև կոչ էր արել անդրադառնալով քաղբանտարկյալների թեմային, այդ երկու պաշտոնյաներն էլ որևէ բառ չասացին ո՛չ հայ պատանդների, ո՛չ էլ Ադրբեջանում պահվող աննախադեպ քանակի քաղբանտարկյալների մասին։ Այսինքն՝ այնպես չէ, որ ԵՄ-ն միայն մեր հարցում է խտրականություն դնում. նրանք նույնն անում են նաև Ադրբեջանի հարցում։ Փոխարենը՝ բոլոր այս ներկայացուցիչները ոգևորել ու ողջունել են խաղաղության գործընթացը»։

Ըստ հասարակական գործչի՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քաղբանտարկյալները, ինչպես նաև ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները, զոհաբերվում են աշխարհաքաղաքական շահերին։

«Մարդու իրավունքների գերակայությունն իրականում ստորադասվում է այսպես կոչված խաղաղության գործընթացին։ Ստացվում է, որ թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի քաղբանտարկյալները «խաղաղության բանտարկյալներ» են։ Դրանից հետևում է, ալիևյան և նիկոլական ռեժիմների դեմ պայքարի ճակատն ընդհանուր է՝ ընդդեմ այս ընդհանուր բռնապետական համակարգի»։

Հիմա եթերում