Ռուսաստանում օտարերկրացիների բնակության կանոնները փոխվում են

16 Հուլիսի 2026, 20:52

Քաղաքականություն

Ռուսաստանը խստացնում է արտագնա աշխատանքի մեկնածների համար սահմանված կանոնները։ Պետդուման նոր օրենք է ընդունել, որով փոխվում է երկրում օտարերկրացիների մնալու կարգը։ Այս փոփոխությունները վերաբերում են աշխատանքային արտոնագրեր ստանալուն ու երկարացնելուն, եկամտի չափին, բնակության իրավունքին և երկրից հեռանալու ժամկետներին։

Ամենակարևոր փոփոխությունն այն է, որ այսուհետ եկամտի շեմ է սահմանվում։ Օտարերկրացին պետք է ստանա տվյալ տարածաշրջանի նվազագույն ապրուստի գումարից ավելի շատ աշխատավարձ։ Ընդ որում, հաշվի են առնելու նաև նրա ընտանիքի անդամների թիվն ու տեղի գործակիցները։

Եթե աշխատողը բավարար եկամուտ չունենա, նրան աշխատանքի թույլտվություն չեն տա կամ պայմանագիրը չեն երկարացնի։ Իսկ եթե աշխատավարձը նվազի սահմանված չափից, նրա աշխատանքային պայմանագիրը կչեղարկվի, ու Ռուսաստանում օրինական մնալու ժամկետը կկրճատվի։

Այն օտարերկրացիները, որոնց թույլտվությունը կչեղարկվի կամ չի երկարացվի, պարտավոր են 15 օրվա ընթացքում հեռանալ Ռուսաստանից։ Այս կանոնը վերաբերում է նաև ժամանակավոր բնակության թույլտվություն (РВП) և կացության քարտ (ВНЖ) ունեցողներին. եթե նրանց եկամուտը նվազագույն շեմից ցածր լինի, փաստաթղթերը կարող են չեղարկել։ Բացառություն կարվի միայն ուսանողների, թոշակառուների, երեխաների և հաշմանդամների համար։