Արցախն այսպիսին է․ անծանոթները դիմացինի մասին են հոգ տանում
20 Օգոստոսի 2023, 10:05
Լուսանկարում Լուսեն է՝ Արցախից։ Այս փոքրիկի, ու ոչ միայն նրա, կյանքի մի մասն անցնում է հացի հերթում։
Եթե սովորական օրերին, երբ դեռ Արցախ աշխարհը «աշխարհի դարպասներից» դուրս չէր, և հաց կար՝ որքան ուզես, Լուսեին ստիպում էին, որ հաց ուտի, որովհետև խաղալիս հաց ուտելու համար ժամանակ չէր մնում, հիմա հակառակն է․ հացի պատճառով խաղի համար ժամանակ չկա։ Հիմա հացը արցախցի փոքրիկների համար․․․ ․ավելի լավ է ոչինչ չգրել։ Ամեն զգացողություն չէ, որ հնարավոր է նկարագրել։
«Հացի հերթում ենք՝ 2 ժամից ավելի է։ Երեկ հաց չգտա։ Հերթը շատ է։ Խնդրեցի գոնե 1 հատ տան, հեսա լույսը կանջատեն։ Հացթուխն ասեց ժամը 1-ից հետո կգաս։ Մի տղամարդ ասեց՝ իմ հերթը տվեք իրեն»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է Լուսենի մայրը։
Արցախն այսպիսին է․ անծանոթները նաև դիմացինի մասին են հոգ տանում, Լուսեն էլ՝ մայրիկի։
«Հացթուխը մի կտոր հաց տվեց երախային։ Հա՛մ ուտում է, հա՛մ ինձ տալիս, որ ուտեմ»,- նշել է մայրիկը, ում համար հացի փռի ճանապարհից բացի, մեկ այլ ճանապարհ էլ կա կարևոր՝ դեպի եկեղեցի։