ՀՀ-ն շահագրգռված է իրանական որակյալ արտադրանքի՝ հայկական շուկա մատակարարումների զարգացմամբ․ Պապոյան
13 Օգոստոսի 2026, 13:05
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում անցկացվող Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստի շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարարի տեղակալ Աքբար Ֆաթհիի հետ։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ, հատկապես՝ բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, ջերմոցային տնտեսությունների, սառնարանային և պահեստային ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։
«Հայաստանը շահագրգռված է իրանական շուկայում մրցունակ պտուղ-բանջարեղենի, վերամշակված արտադրանքի, չրերի և այլ պարենային արտադրանքի ներկայության ընդլայնմամբ, ինչպես նաև իրանական որակյալ արտադրանքի՝ հայկական շուկա մատակարարումների զարգացմամբ»,-նշել է Գևորգ Պապոյանը։
Կլիմայական ժամանակակից մարտահրավերների համատեքստում նախարարը կարևորել է նաև ոռոգման արդյունավետ և ջրախնայող համակարգերի, գյուղատնտեսության թվայնացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ փորձի փոխանակումը։
Նախարար Պապոյանը նաև առաջարկել է դիտարկել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունը գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով։
Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։