ՀԱՊԿ-ից հրաժարվելը նշանակում է անզեն մնալ անտառում՝ գայլերի հետ դեմ առ դեմ․ Վլադիմիր Կիրեև
26 Օգոստոսի 2026, 22:22
Քաղաքագետ, Միջազգային եվրասիական շարժման վերլուծական բաժնի ղեկավար Վլադիմիր Կիրեևը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու վերաբերյալ։
Վլադիմիր Կիրեևի կարծիքով՝ բարդ տարածաշրջանում գտնվող ՀՀ-ի համար դաշինքային պայմանագրից դուրս գալը կարող է հանգեցնել պատերազմների և տնտեսական անկման։
«Փաշինյանի մոտ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները չեն ստացվում։ ՌԴ-ի հետ հարաբերություններն էլ բարդ են։ Եթե ԵԱՏՄ-ի հարցում դեռ որոշակի երկիմաստ արձագանք կա, և տեսակետ կա, որ անհրաժեշտ է մասնակցել ԵԱՏՄ-ին, ապա ՀԱՊԿ-ի հարցում Փաշինյանի դիրքորոշումը միանշանակ է՝ այդ կազմակերպությունը ՀՀ-ին պետք չէ։ Դուրս գալով ՀԱՊԿ-ից՝ նա դեմ առ դեմ կմնա թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ, որոնք չեն հրաժարվում իրենց էքսպանսիոնիստական նկրտումներից և բացահայտ հայտարարում են, որ ցանկանում են իրենց տարածքային հարցերը լուծել ՀՀ-ի հաշվին։
Իրանի շուրջ առկա է հակամարտություն, որը կարող է տարածվել ամբողջ Մերձավոր Արևելքում և Արևմտյան Ասիայում։ Այս իրավիճակում ՌԴ-ի նախաձեռնությամբ ստեղծված հետխորհրդային պաշտպանական կառույցին մասնակցությունից հրաժարվելը փաստացի նշանակում է անզեն մնալ անտառում՝ գայլերի հետ դեմ առ դեմ», — ընդգծել է քաղաքագետը։