Փաշինյանը ցանկանում է, որ ՌԴ-ն ՀՀ-ին հեռացնի ՀԱՊԿ-ից՝ հակառուսական օրակարգ առաջ տանելու համար․ Ալեքսանդր Շատիլով
26 Օգոստոսի 2026, 23:23
ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ալեքսանդր Շատիլովը Alpha News-ին մեկնաբանել է ՀՀ-ի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու և Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են ՀԱՊԿ-ից հնարավոր հեռացման պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա՝ դրանով իսկ Հայաստանի քաղաքացիների աչքում վարկաբեկելով Ռուսաստանին։
«Փաշինյանը ցանկանում է, որ հենց ՌԴ-ն Հայաստանին հեռացնի ՀԱՊԿ-ից և ընդհանրապես այլ ինտեգրացիոն միավորումներից, որպեսզի հայ հասարակության ներսում հակառուսական խաղաքարտը խաղարկի, քանի որ, ընդհանուր առմամբ, ՌԴ-ի նկատմամբ վերաբերմունքը շարունակում է բավական դրական մնալ։
Հետևաբար, որոշակի առումով պետք է ՌԴ-ին դիվականացնել և ցույց տալ, թե իբր ոչ թե մենք ենք խզում նրա հետ կապերը, այլ հենց ՌԴ-ն է մեզ հեռացնում, հրաժարվում մեզանից և այլն, և այլն։ Նման քաղաքականության օրինակներ մենք տեսել ենք նույն Ուկրաինայի, Մոլդովայի և հետխորհրդային տարածքի մի շարք այլ բացահայտ հակառուսական պետությունների դեպքում», — եզրափակել է Alpha News-ի զրուցակիցը։