ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ Կարապետյան
17 Սեպտեմբերի 2026, 10:55
Արտաքին գործերի նախարարության գործունեությունը վերջին տարիներին վերածվել է միջազգային առևտրի։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի մի մասը կապված էր արտաքին գործերի հետ և ընդհանրապես երկրում տիրող արտաքին հարաբերություններին։
«Ակամայից հիշեցի Ազգային ժողովի փոխնախագահի մի անգամ մեզ տված հարցը, թե ե՞րբ ենք բացելու նախարարություն, այն նախարարությունը, որ ինքն է ուզում։ Ես ուզում եմ ասել, որ այդ նախարարությունը մենք չենք կարող բացել, քանի որ դուք արդեն բացել եք։ Այդ նախարարությունը Արտաքին գործերի նախարարությունն է։
Ժողովուրդ, դուք լսե՞լ եք՝ ոնց եք ներկայացնում Հայաստանի արտաքին գործերը։ Եկեք իրար հետ նայենք, թե ո՞նց է արտաքին գործերն՝ ըստ ՔՊ-ի։ Ուրեմն, Հայաստանը ուզում է Եվրոպային, բայց Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ է։ Մենք ԵԱՏՄ-ին ասում ենք՝ «мы просто друзья», բայց ԵԱՏՄ-ն ասում է՝ հիմա որոշի, իմ հետ ե՞ս, թե Եվրոպական միության, այդ պահին մենք ստրատեգիական որոշում ենք անում գնալ Չինաստան»,- ասել է նա։
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ ՔՊ-ն իրականում շատ ազնիվ է գտնվել, երբ Արտաքին գործերի նախարարությանն ավելացրել է նաև «միջազգային առևտրի» տերմինը։
«ԱԳՆ-ն վերջին տարիներին արել է միայն մեկ բան՝ միջազգային առևտուր, բայց ապրանքը եղել է հայկական հողերը»,- ընդգծել է Կարապետյանը։