Այս պահին հիմնական խնդիրը Քոչարյանի գործունեությունը սահմանափակելու փորձն է․ փաստաբան
18 Սեպտեմբերի 2026, 11:27
ՀՀ երկրորդ նախագահի առողջական խնդիրների մասին բոլորը տեղյակ են, և այդ դրանք այնպիսին չեն, որ եթե ռիսկային տարրերը չլինեն և բավարար վերահսկողություն լինի, որևէ խնդիր առաջացնեն նրա գործունեությանը։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արամ Օրբելյանն՝ անդրադառնալով երկրորդ նախագահի առողջական վիճակին և քրեակատարողական հիմնարկում նրա գտնվելու պայմաններին։
Փաստաբանի խոսքով՝ Քոչարյանը վիրահատություններ է տարել, այդ թվում՝ սրտի հետ կապված, և վիրահատությունից անմիջապես հետո կան որոշակի ռիսկային գործոններ, որոնք, ըստ նրա, այս պահին կառավարելի են։
«Հիմա մեր խնդիրն այն է, որ փակ պայմաններում գտնվելու պահին, վիրահատությունից անմիջապես հետո որոշակի ռիսկի գործոններ կան, որոնք այս պահին, կարծում եմ, ընդամենը կառավարելի են։ Բայց դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ վատ է կամ ամեն ինչ լավ է։ Մեկը մյուսի հետ ուղիղ կապ չունի»,- նշել է Օրբելյանը։
Նրա խոսքով՝ այս պահին հիմնական խնդիրը Քոչարյանի գործունեությունը սահմանափակելու փորձն է։
«Խնդիրը, որը մենք այս պահին ունենք և որով հիմա պետք է զբաղվենք, նախագահի գործունեությունը խոչընդոտելու փորձն է։ Գտնում եմ, որ պատգամավորների հետ հանդիպումները չսահմանափակելը պարտադիր է»,- ասել է նա։