ԱՄՆ-ն ու Իրանը պատրաստվում են առճակատման նոր փուլին․ Օլեգ Բլոխին
22 Սեպտեմբերի 2026, 22:45
Ռուս ռազմական փորձագետ Օլեգ Բլոխինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ստեղծված իրավիճակին։ Նրա խոսքով՝ այս պահին երկու կողմերն էլ առճակատման դադարն օգտագործում են իրենց ռազմական ներուժը վերականգնելու և հակամարտության նոր փուլի նախապատրաստվելու համար։
«Առայժմ շարունակվում է մեծ դադարը, որը երկու կողմերն էլ օգտագործում են առճակատման հաջորդ փուլին պատրաստվելու համար։ Երկու կողմերն էլ կուտակում են զինամթերք, որի պաշարները որոշ չափով սպառվել էին, վերականգնում են ավերված օբյեկտները։ Ամերիկացիները, ռազմական նախապատրաստական աշխատանքներից բացի, փորձում են առավելագույնս խստացնել պատժամիջոցները, որոնք տնտեսական հետևանքներ են առաջացնում Իրանի համար, և այդ կերպ երկրում կրկին բորբոքել բողոքի ցույցերը, որոնք, ըստ նրանց մտահղացման, պետք է դառնան Իրանի ներկայիս իշխանության տապալման վճռորոշ գործոնը», — ասել է Օլեգ Բլոխինը։
Ըստ փորձագետի՝ Իրանը նույնպես վերականգնում է իր ռեսուրսները և ակտիվացնում համագործակցությունը հութիների հետ, իսկ ԱՄՆ-ի հետ ուղղակի առճակատման վերսկսումը ժամանակի հարց է։
«Իրանը շտապ վերականգնում է իր տուժած կամ սպառված ռեսուրսները, փորձում է տնտեսությունը պահել կայուն վիճակում, բացի այդ՝ ակտիվորեն ներգրավվել է հութիներին աջակցելու գործում, որոնք վերահսկողության տակ են վերցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։ Նրանք նաև լուրջ ճնշում են գործադրել Սաուդյան Արաբիայի վրա։
Հակամարտության վերսկսումը ժամանակի հարց է։ Միակ բանը, որը կարող է կանգնեցնել այն, Թրամփի պարտությունն է միջանկյալ ընտրություններում, որից հետո և՛ Սենատը, և՛ Կոնգրեսը կփորձեն արգելափակել Մերձավոր Արևելքի վերաբերյալ նրա բոլոր նախաձեռնությունները։ Չի բացառվում, որ Թրամփը կփորձի արշավը սկսել մինչև այդ»,- հավելել է Բլոխինը։