Արտաքին տեսքն ու ֆիզիկական ակտիվությունը դեռ չեն նշանակում, որ մարդն առողջական ռիսկի գոտում չէ․ փաստաբան

23 Սեպտեմբերի 2026, 13:10

Քաղաքականություն

Մարդու արտաքին տեսքը կամ ֆիզիկական ակտիվությունը դեռ չեն նշանակում, որ նա առողջական ռիսկի գոտում չէ։ Այս մասին, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը։

«Սա հերթական անգամ դեմագոգիայի և տգիտության դրսևորում է այդ մարդու կողմից։ Ռոբերտ Քոչարյանը կարող է տուռնիկի վրա պտտվել, կարող է մի քանի անգամ ավելի ձգվել, քան ես՝ ցավոք սրտի։ Կարող է շատ լավ մարզական վիճակում լինել, ինչը չի նշանակում, որ ստենտավորումից մեկ շաբաթ անց նրան կալանավորելը չի կարող վտանգավոր լինել նրա առողջության համար»,- նշել է նա։

Արամ Օրբելյանի խոսքով՝ պարզում է, որ Փաշինյանը ոչ միայն «մեծ քաղաքագետ» է, այլև բժշկությունից է լավ հասկանում։

«Ինքը հասկանում է՝ որ հիվանդությունն է վտանգավոր, որը՝ ոչ, հասկանում է՝ ով է սիմուլյանտ, ով՝ ոչ, և ով քաղաքական խոսույթում ինչ-որ բան անում է ավելի կամ պակաս խոսելու համար։

Ռոբերտ Քոչարյանի հետ կապված առողջական խնդիրը հետևյալն էր․ նա սրտի վիրահատություն է տարել։ Այդ վիրահատությունից հետո մեկ ամիսը համարվում է բարձր ռիսկային գոտի»,- ասել է փաստաբանը։

Հիմա եթերում