ԵՄ-ի ցուցադրական հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորված է ՌԴ-ին վնասելու ձգտմամբ․ ՌԴ ԱԳՆ

23 Սեպտեմբերի 2026, 15:40

Քաղաքականություն

Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում Եվրամիության հետաքրքրությունը ցուցադրական բնույթ է կրում, դրա նպատակը Ռուսաստանին վնաս հասցնելն ու սեփական աշխարհաքաղաքական խնդիրները լուծելն է։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն, Արկտիկական խորհրդում Ռուսաստանի ավագ պաշտոնյա Վլադիսլավ Մասլեննիկովը։

«Երևանի կուրսը՝ հաշվի առնելով ԵՄ օրենսդրության և ԵԱՏՄ իրավական դաշտի սկզբունքային անհամատեղելիությունը, չի կարող մեզ մոտ հարցեր չառաջացնել։ Նույնը վերաբերում է նաև Եվրամիության՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նկատմամբ ցուցադրական հետաքրքրվածությանը», — ասել է Մասլեննիկովը։

Նա ընդգծել է, որ հաշվի առնելով Եվրամիության բացահայտ հակառուսական քաղաքականությունը, որը գնալով ավելի է վերածվում ոչ պայմանագրունակ և ագրեսիվ տրամադրված ռազմաքաղաքական դաշինքի, պետք չէ պատրանքներ ունենալ դրա իրական մտադրությունների վերաբերյալ։

«Բրյուսելը երբեք ալտրուիզմով չի առանձնացել։ Նրա առաջնահերթ նպատակը բնավ Հայաստանի տնտեսական բարգավաճումը չէ, այլ մեր երկրին վնաս հասցնելը և իր մյուս աշխարհաքաղաքական խնդիրների լուծումը», — նշել է դիվանագետը։

Հիմա եթերում