ԱՄՆ-ը շուրջ 7,5 մլն դոլար է հատկացրել հայկական ԶԼՄ-ներին ֆինանսավորելու համար

25 Սեպտեմբերի 2026, 09:40

Հասարակություն

ԱՄՆ-ը շուրջ 7,5 մլն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցների, լրագրողների և բլոգերների ֆինանսավորմանը։ Այդ մասին վկայում են ամերիկյան կառավարության պետական ծախսերի վերաբերյալ տվյալները, որոնք ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ի սկզբանե Վաշինգտոնը նախատեսում էր «Media Program in Armenia» ծրագրի համար ծախսել 15 մլն դոլար։ Ծրագիրը մեկնարկել էր 2023 թվականին և նախատեսվում էր իրականացնել մինչև 2028 թվականը, սակայն մեկնարկից երկու տարի անց այն փակվել է։

Միջոցները տրամադրվել են Internews միջազգային ոչ առևտրային կազմակերպության միջոցով, որը զբաղվում է այսպես կոչված անկախ լրատվամիջոցների աջակցությամբ։

2024 թվականի դեկտեմբերի դրությամբ ծրագրի շրջանակում աջակցություն էր ստացել հայկական 59 լրատվամիջոց, վերապատրաստում էր անցել մեդիա ոլորտի 338 ներկայացուցիչ, իսկ լրագրողներն ու բլոգերները ծրագրի աջակցությամբ հրապարակել էին 805 նյութ, նշվում է «ՌԻԱ Նովոստի»-ի ուսումնասիրած փաստաթղթերում։

Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո ԱՄՆ-ի նոր վարչակազմը սկսեց արտերկրի օգնության, այդ թվում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի լայնածավալ վերանայում։

Այդ վերանայման շրջանակում 2025 թվականի մարտի 1-ին դադարեցվել է Internews-ի՝ Հայաստանում մեդիա ծրագրի իրականացման դրամաշնորհի ֆինանսավորումը։