Ռուսական ֆուտբոլի գլխավոր ինսայդերը․ Նոբել Առուստամյանի հաջողության պատմությունը

07 Հոկտեմբերի 2026, 22:00

Հայեր

Նոբել Առուստամյանը ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 7-ին Բաքվում՝ հայ ընտանիքում։ Նոբել անունը նա ստացել է իր պապի պատվին, որի անունը կապված էր Նոբել եղբայրների հետ։ 1980-ականների վերջին ընտանիքը ազգամիջյան բախումներից խուսափելու նպատակով նախ տեղափոխվել է Պյատիգորսկ, այնուհետև՝ Մոսկվա։

Մանկուց Նոբելը սիրում էր ֆուտբոլ, երկրպագում էր իտալական «Յուվենտուս» ակումբին, երազում էր ֆուտբոլիստ դառնալ, բայց առողջական խնդիրների պատճառով ընտրել է լրագրությունը:

2009 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային համալսարանի լրագրության ֆակուլտետը։ Առաջին հոդվածները սկսել էր հրապարակել դեռ դպրոցական տարիներին, իսկ 18 տարեկանում պրակտիկա է անցել «Ռադիո Սպորտ»-ում։ Ընդամենը մեկ տարի անց դարձել է ռադիոկայանի հաստիքային աշխատակից, իսկ 2007 թվականին նշանակվել է գլխավոր խմբագրի տեղակալ։ Տրանսֆերների վերաբերյալ նրա վաղ հրապարակումները Twitter-ում, որոնք հաճախ պարունակում էին բացառիկ տեղեկություններ, կարճ ժամանակում նա հայտնի է դարձել ֆուտբոլային շրջանակներում։

2010 թվականին Վասիլի Ուտկինի հրավերով Առուստամյանը սկսել է աշխատել որպես մեկնաբան «НТВ-Плюс» հեռուստաալիքում՝ լուսաբանելով Ռուսաստանի, Իտալիայի և Իսպանիայի առաջնությունների, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի հանդիպումները։ Նույն թվականին նա ընդգրկվել է Ռուսաստանի ֆուտբոլային միության էթիկայի կոմիտեի կազմում։ 2015 թվականից Առուստամյանը դարձել է նորաստեղծ «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավար և մեկնաբան, որտեղ լուսաբանել է խոշորագույն մարզական իրադարձությունները, այդ թվում՝ 2018 թվականի աշխարհի առաջնությունը։

2019 թվականին նա գործարկել է իր սեփական YouTube-յան «Nobel» ալիքը, որտեղ հրապարակում է հարցազրույցներ և վերլուծական նյութեր։ Հենց նա է առաջին հարցազրույցը վերցրել Վալերի Կարպինից՝ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո։ Ալիքը կարճ ժամանակում մեծ ճանաչում է ձեռք բերել՝ շնորհիվ Առուստամյանի անկաշկանդ մատուցման ոճի և բացառիկ նյութերի։

Առուստամյանի մասնագիտական ճանապարհը զերծ չի եղել նաև դժվարություններից։ 2021 թվականի ամռանը Ադրբեջանի «Եվրո-2020»-ի կազմկոմիտեն արգելափակել է նրա հավատարմագրումը Եվրոպայի առաջնությանը՝ կապված նրա՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցերի հետ, որտեղ նա կազմակերպել էր մանկական ֆուտբոլային մրցաշար։ Իրավիճակը լայն արձագանք է ստացել, և Ռուսաստանի ԱԳՆ-ի ու ՈՒԵՖԱ-ի միջամտությունից հետո նրա հավատարմագրումը վերականգնվել է։

Նույն տարվա օգոստոսին Նոբել Առուստամյանը հեռացել է «Матч ТВ»-ից՝ խմբագրական քաղաքականության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Պատճառներից մեկը ղեկավարության պահանջն էր՝ ֆուտբոլիստ Պավել Մամաևի հետ հարցազրույցի ընթացքում շեշտադրել նրա անձնական կյանքը, ինչը հակասում էր լրագրողի մասնագիտական և էթիկական սկզբունքներին։

Բացի լրագրությունից, Առուստամյանը եղել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի անդամ (2020-2021 թթ.), նկարահանվել է կինոյում («Մարզիչը», «Մեծ խաղը»)։ 2018 թվականին նա առաջադրվել է «ТЭФИ» մրցանակի, իսկ 2021 և 2023 թվականներին «Рейтинг букмекеров»-ի վարկածով ճանաչվել է «Տարվա սպորտային լրագրող»։ 2022 թվականին նա արժանացել է նաև «Sport Business Awards»-ի մրցանակին։

Այսօր Նոբել Առուստամյանը շարունակում է ակտիվորեն աշխատել մեդիա ոլորտում, զարգացնում է սեփական նախագծերը և շարունակում մնալ Ռուսաստանի ամենաազդեցիկ մարզական լրագրողներից մեկը։ Նրա մասնագիտական ուղին ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ֆուտբոլի հանդեպ սերը վերածել հաջող կարիերայի։