Մեր քթից բերելն անհնար է. Ղազինյանը՝ Փաշինյանին

07 Հոկտեմբերի 2026, 20:45

Քաղաքականություն

«Ցավում եմ, որ չհասկացաք՝ մեր քթից բերելն անհնար է, բացառվում է։ Ամեն ինչ արել եք՝ նստեցրել եք, ընտանիք եք մտել և այլն, չի ստացվում։ Մինչև դա հասկանաք, ձեր իշխանության վերջը կգա», — այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Ընդդիմադիր պատգամավորի հարցին, թե ինչ կաներ Նիկոլ Փաշինյանը, եթե լիներ ընդդիմադիր գործիչ, վարչապետը նշել է, որ որպես ընդդիմադիր գործիչ՝ արդեն իսկ ապացուցել է իր քաղաքական գործողությունների տրամաբանությունը։

«Ձեր ուղիղ հարցին պատասխանում եմ՝ ի՞նչ կաներ Նիկոլ Փաշինյանը. Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի հետ կաներ այն, ինչ արել է՝ հեղափոխություն։ Ես ձեզ 100 անգամ կոչ եմ արել՝ եթե դա տեղի ունենար և ճշմարտություն լիներ, ինչպես դուք եք ասում, մենք կանեինք հեղափոխություն։ Հիմա, եթե դա ճշմարտությունն է, դո՛ւք արեք հեղափոխություն»,- պատասխանել է Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձել է նաև ժողովրդի հետ իր հարաբերություններին և իշխանության պատասխանատվությանը։

«100 անգամ ասել եմ, եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը որոշի, որ ես պետք է կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես հնազանդ կկանգնեմ։ Եթե ժողովուրդը որոշի ինձ կախաղան անել, ես այդ պարանն իմ վիզը կգցեմ։ Դուք իմ և ժողովրդի հարաբերություններով մի՛ մտահոգվեք։ Ժողովուրդն ինչ ուզենա՝ կանի»,- նշել է Փաշինյանը։

Հիմա եթերում