Սա սովորական հանցագործություն չէ. Լևոն Քոչարյանը՝ Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին
08 Հոկտեմբերի 2026, 11:45
Չեմ կարծում, որ որևէ տրամաբանող մարդ կարող է այս դեպքը որակել որպես սովորական հանցագործություն, այն դեպքում, երբ իրենք անընդհատ կրկնում են, որ արդեն հաստատված խաղաղություն կա։ Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն՝ անդրադառնալով Հայաստանի տարածք ադրբեջանցի զինծառայողի ներթափանցմանը և հայ քաղաքացու նկատմամբ տեղի ունեցած միջադեպին։
Նրա խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողը ոչ թե պարզապես մոլորվել և հայտնվել է Հայաստանի տարածքում, այլ զինված կերպով խորացել է երկրի տարածք։
«Ադրբեջանցի զինվորը ոչ թե պարզապես մոլորված հայտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, այլ զինված հայտնվել է, հասել է, խորացել է 10 և ավելի կիլոմետր, մտել է հայ քաղաքացու տուն, և եղել է այն, ինչը եղել է, բոլորս գիտենք։ Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- ասել է Լևոն Քոչարյանը։