Գյումրիի Քրքորյանի փողոցը կբարեկարգվի միջազգային չափանիշներով․ Նարեկ Կարապետյան
17 Հոկտեմբերի 2026, 19:30
Փոխանակ Գյումրիում լուծվի 1000 գյումրեցիների՝ տնակներում ապրելու հարցը, մեր կառավարությունն այս պահին 30 միլիոն դոլար է ծախսում COP միջոցառման վրա։ Մենք հաշվել ենք, որ այդ գումարով 1000 գյումրեցի ընտանիքի կարելի էր բնակարանով ապահովել։ Այս մասին Գյումրու օրվան նվիրված համերգի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ շնորհավորելով գյումրեցիներին և քննադատելով կառավարության ծախսային առաջնահերթությունները։
«Ինչո՞ւ է բարեգործն օգնում քաղաքին, որպեսզի քաղաքի օրը շողա։ Որովհետև քաղաքը պետք է իր գումարը տնտեսի, որպեսզի գյումրեցիների համար բնակարաններ կառուցի և բաժանի։ Քանի դեռ մեր քաղաքներում կան անտուն մարդիկ, տնակներում ապրող մարդիկ, ճոխություններ մեզ թույլ տալու իրավունք չունենք»,- նշել է նա։
Կարապետյանը նաև հայտնել է, որ Սամվել Կարապետյանը նվեր է պատրաստել Գյումրիի համար։
«Երբ նախընտրական շրջանում գալիս էինք, միշտ ասում էին՝ ընտրություններից առաջ են ուժերը գալիս։ Ընտրություններն անցել են, որևէ ընտրություն չկա, բայց մենք եկել ենք մեր սիրած քաղաքի կողքին կանգնելու և նրան մի լավ նվեր տալու համար»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Գյումրի այցելող մարդկանցից շատերը քաղաքի առաջին քայլերն անում են Քրքորյանի՝ նախկին Ալեքսանդրովսկի փողոցով, որը նախատեսվում է ամբողջությամբ բարեկարգել միջազգային չափանիշներին համապատասխան։
«Այդ փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է միջազգային ստանդարտներով, և դուք կտեսնեք, որ այն դառնալու է զբոսաշրջային ակտիվ գոտի»,- նշել է Կարապետյանը։