Գայանե Ասլամազյանի անհատական ցուցահանդեսն ու նոր նախագիծը՝ Գլենդելում
20 Հոկտեմբերի 2026, 23:20
«Alpha News»-ի տաղավարում հյուրընկալվել է հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղանկարչուհի Գայանե Ասլամազյանը։ Առիթը Միացյալ Նահանգներում վերջերս կայացած նրա անհատական ցուցահանդեսն էր, ինչպես նաև Գլենդելում հայկական արվեստի խոշոր կենտրոնի առաջիկա բացման մասին հայտարարությունը։
«Երբեք չի նշվում, որ ես մասնագիտությամբ արվեստաբան եմ։ Այստեղ՝ Միացյալ Նահանգներում, ունեմ արվեստագիտության դոկտորի (PhD) աստիճան, իսկ Հայաստանում ավարտել եմ ասպիրանտուրան։ Տարիներ շարունակ եղել եմ այդ բնագավառում, ունեցել եմ իմ պատկերասրահը։ Ծնվել ու մեծացել եմ արվեստագետի ընտանիքում, ուստի գեղանկարչության աշխարհ մուտքն ինձ համար շատ բնական էր»,- նշել է Գայանե Ասլամազյանը։
Խոսելով ցուցահանդեսում ներկայացված հրեշտակների պատկերներով և վառ, դրական հույզեր արտահայտող կտավների մասին՝ արվեստագետը բացահայտել է, որ դրանք ընդամենը վերջին չորս ամիսների աշխատանքի արդյունք են։
«Սա այն ամենի արտացոլումն էր, ինչ կուտակվել էր այս ինը տարիների ընթացքում։ Այն պատասխանն էր այն անհանգստություններին, որոնք առաջանում են՝ ի պատասխան այն չարության, որին կամա թե ակամա ականատես ենք լինում։ Դա իմ պատասխանն էր, իմ պաշտպանությունը։ Ես պաշտպանությունս գտա այս բարի գույների և մանկական երազանքների մեջ»,-հավելել է նա։