Մինչ օրս որոշում չկա, իսկ «Հրազդան ցեմենտ»-ը պարապուրդի մեջ է․ Արսեն Պողոսյան
21 Հոկտեմբերի 2026, 18:30
Սեպտեմբերի 30–ին դիմել ենք սնանկության կառավարչին` «Հրազդան ցեմենտ» գործարանի գույքն ուղիղ վաճառքի տարբերակով ձեռք բերելու նպատակով։ Դիմումը քննարկվել է, իսկ հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել պարտատերերի ժողով, որի արդյունքում կազմվել է դրական եզրակացությամբ արձանագրություն։ Այս մասին «Հրազդան ցեմենտ» գործարանի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» խմբի ֆինանսական վերահսկողության ղեկավար Արսեն Պողոսյանը։
Նրա խոսքով՝ այդ հիմքով սնանկության կառավարիչը միջնորդություն է ներկայացրել Սնանկության դատարան։
«Մինչ օրս որոշում չի կայացվել, և ստրատեգիական նշանակություն ունեցող այս կառույցը չի շահագործվում»,- նշել է Պողոսյանը։
Ակցիայի մասնակիցները բողոքում են գործարանի վաճառքի վերաբերյալ դատարանի որոշման ձգձգման դեմ, ինչի հետևանքով արտադրական խոշոր ձեռնարկությունը շարունակում է պարապուրդի մատնված մնալ։
Արսեն Պողոսյանի խոսքով՝ գործարանի հնարավորինս արագ վերաշահագործումն ու արտադրության վերսկսումը էապես կմեղմեին այս օրերին շուկայում նկատվող ցեմենտի բարձր պահանջարկը։