Պայքարի մեջ չենք մտել, որ հանձնվենք․ Լենա Մաթևոսյան

21 Հոկտեմբերի 2026, 19:17

Քաղաքականություն

Ստեփանավանում մեր թեկնածուին երկու ամսով կալանավորելու որոշումը մեզ համար սպասելի էր, քանի որ հասկանում ենք՝ ընտրություններին ընդամենը չորս օր է մնացել, իսկ «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավանում հաղթելու բոլոր շանսերն ուներ», — դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։

Նրա խոսքով՝ իշխանություններն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջ են շարժվում իրենց բնորոշ ձեռագրով։

«Երբ տեսնում են, որ անելանելի իրավիճակում են, գտնում են հետևյալ տարբերակը՝ ձերբակալում են թեկնածուին և մի շարք պատասխանատու անձանց, որոնք ընտրությունների օրը կարևոր աշխատանք պետք է իրականացնեն։ Հետո, բնականաբար, կիրառում են վարչական ռեսուրս, ապա հայտարարում, թե իբր հաղթեցին և «լեգիտիմ» են»,- ընդգծել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ եթե իշխանությունները պատրաստ չեն առողջ մրցակցության և չեն հետևում ժողովրդավարության կանոններին, ապա տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։

Անդրադառնալով խմբակցության հետագա քայլերին՝ Լենա Մաթևոսյանը նշել է, որ ստեղծված իրավիճակը չի ընկճելու իրենց թիմին։

«Մեր գործելաոճը տեսել եք նաև համապետական ընտրությունների ժամանակ․ այն հետապնդումները, որոնք իրականացվում էին մեր նկատմամբ, մեզ այդպես էլ չկանգնեցրին։ Նույնը լինելու է նաև այս պարագայում։ Երկու ամսվա կալանքը մեզ չի կանգնեցնելու։ Պայքարի մեջ չենք մտել, որ ՔՊ-ի ամեն արարքից հետո հանձնվենք․ մենք մտել ենք պայքարելու համար և համոզված ենք, որ ի վերջո հեռացնելու ենք այս ոչ ժողովրդավար իշխանությանը»,- հավելել է նա։

Հիմա եթերում