Իսրայելի ընտրությունները Քնեսեթում ապագա մեծամասնության հարցը չեն լուծել․ Ալեքսանդր Ցինկեր
28 Հոկտեմբերի 2026, 21:15
Քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ին մեկնաբանել է Իսրայելի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ֆոնին Բաքվի՝ Հայաստանին ուղղված վերջին հայտարարությունները։
Փորձագետի կարծիքով՝ Իսրայելի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները թույլ չեն տալիս միանշանակ խոսել քաղաքական հիմնական դաշինքներից որևէ մեկի հաղթանակի մասին։
«Նեթանյահուի դաշինքը դեռ չի հաղթել, իսկ ընդդիմադիր դաշինքն արդեն պարտվել է։ Հաղթել են արաբական կուսակցությունները։ Անհրաժեշտ է ստանալ 61 մանդատ և այդ դեպքում հնարավոր կլինի կոալիցիա կազմել և կառավարություն ձևավորել։
Հաշվի առնելով երկու կողմերի ղեկավարների հայտարարություններն՝ այս պահին նրանք չեն ցանկանում արաբական ուժերին ներգրավել կառավարությունում և կոալիցիայում։ Հետևաբար, ընդդիմության համար շատ դժվար կլինի կառավարություն ձևավորելն ու անհրաժեշտ 61 մանդատն ապահովելը։ Սակայն խնդիրներ ունի նաև վարչապետը», — նշել է քաղաքագետը։
Ցինկերի խոսքով՝ հնարավոր սցենարներից մեկը ազգային միասնության կառավարության ձևավորումն է, որին կմասնակցեն ինչպես Նեթանյահուի ճամբարի, այնպես էլ ընդդիմության կուսակցությունները։
«Իմ կարծիքով՝ պետք է փորձել մի կողմ դնել անձնական շարժառիթները և, այնուամենայնիվ, ձևավորել ազգային միասնության կառավարություն՝ յուրաքանչյուր դաշինքից երկուական կուսակցության մասնակցությամբ։ Սակայն դրա համար երկու կողմերն էլ պետք է բարի կամք դրսևորեն», — ասել է Ցինկերը։