Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ շուկաները՝ ԵՄ-ից փոխարենը ոչինչ չստանալով. Ալեքսանդր Սեմչենկո

28 Հոկտեմբերի 2026, 21:55

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Ալեքսանդր Սեմչենկոն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքների վերաբերյալ զեկույցին։

Փորձագետի կարծիքով՝ փաստաթղթում ներկայացված հնարավոր տնտեսական կորուստների գնահատականները կարող են չափազանց լավատեսական լինել, իսկ Եվրամիության հետ մերձեցումը Հայաստանին համարժեք օգուտներ ստանալու երաշխիք չի տալիս և կարող է հանգեցնել ԵԱՏՄ անդամ երկրների շուկաների կորստին։

Քաղաքագետի խոսքով՝ եվրաինտեգրումը Հայաստանին չի երաշխավորում ո՛չ կենսամակարդակի բարձրացում, ո՛չ էլ ԵՄ շուկաներ շահավետ պայմաններով մուտք գործելու հնարավորություն։ Մինչդեռ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է զրկել հանրապետությանը կարևոր առևտրային գործընկերներից և լրացուցիչ քաղաքական ռիսկեր ստեղծել։

«Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ուզում եմ ընդգծել, որ այնտեղ կան նաև աղքատ երկրներ՝ նույն Ռումինիան ու Բուլղարիան։ Այդ երկրներում կենսամակարդակը, մեղմ ասած, շատ ցածր է։ Արևելյան Եվրոպայի մյուս պետություններն էլ առանձնապես հեռու չեն նրանցից։

Եվ ահա Հայաստանը ԵՄ-ի հետ ինտեգրման արդյունքում ոչինչ չի ստանա։ Այն կկորցնի Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և այլ երկրների շուկաները, այսինքն՝ Եվրասիական տնտեսական միության շուկաները։ Բացի այդ, Հայաստանը կօգտագործվի քաղաքական նպատակներով, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ երկրի համար։ Ի վերջո, Հայաստանի դիմակայունության պաշարը զգալիորեն ավելի փոքր է, քան Ուկրաինայինը»,- ընդգծել է քաղաքագետը։

Հիմա եթերում