Հայրենասիրությունն ընդդեմ բոլոր դժվարությունների…
03 Սեպտեմբերի 2023, 09:48
Արցախի պաշարման 264-րդ օրը Հակոբջանյանները դիմավորում են ինչպես միշտ՝ անտրտունջ։ Բազմանդամ ընտանիքը կենսական նշանակության ապրանքների պակաս շատ է զգում, սակայն դեռևս կարողանում է դիմակայել, լուծումներ գտնել։
Մինչ 44-օրյա պատերազմը Վլադիմիր Հակոբջանյանն Ուղտասարի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենն էր։ Երանությամբ է հիշում, թե ինչպես էին տարիներ շարունակ մի քանի վագոն-տնակից բաղկացած դպրոցում կազմակերպում դասապրոցեսը։
Այսօր պայքարն օրվա ապրուստն ապահովելն է դարձել, ու Վլադիմիր և Նոյեմ Հակոբջանյանները, որոնց հարկի տակ 4 զավակ է հասակ առնում, ճգնաժամային իրավիճակը դեռևս կարողանում են հաղթահարել աշխատասիրության ու համառության շնորհիվ։
Խոսելով վերջին օրերին Արցախում, մասնավորապես, Ասկերանում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Վլադիմիր Հակոբջանյանը նշեց, որ, չնայած բոլորի ամենամեծ խնդիրը հանապազօրյա հացն է, սակայն այն թշնամու ձեռքից ստանալը դավաճանություն կհամարի։
«Ուրախ և հպարտ եմ, որ արցախցիներս միակամ ենք այս հարցի շուրջ՝ ժամանակավոր ստամոքսի խնդիր չպետք է լուծվի։ Կա միայն մի ճանապարհ, դա Բերձորի (Լաչինի) միջանցքն է»,- վստահեցրել է Վլադիմիրը:
Նրա խոսքով՝ արցախցու կյանքը, ծնված օրից, պայքար է, որը պետք է քաջությամբ ընդունել: