Մինչև խաղաղությունը չհաստատվի, ես չեմ գնալու․ Նիկոլ Փաշինյան
18 Նոյեմբերի 2026, 20:04
Ես չեմ պատրաստվում հեռանալ իշխանությունից, քանի դեռ երկրում վերջնական և ինստիտուցիոնալ խաղաղություն չի հաստատվել։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի դիտարկումներին։
Իր ելույթի ընթացքում Դավիթ Ղազինյանը քննադատել է վարչապետի խոսույթն ու պահվածքը՝ դրանք որակելով չափազանցված և նյարդային: Ըստ պատգամավորի՝ դա պայմանավորված է իշխանությունը պահելու մտահոգությամբ։
Ղազինյանը նաև բարձրացրել է պետական համակարգում, մասնավորապես՝ դպրոցներում և զորամասերում արձանագրված հնարավոր չարաշահումների ու հավելագրումների համար վարչապետի պատասխանատվության հարցը։ Նա զուգահեռ է անցկացրել մասնավոր հատվածի հետ՝ նշելով, որ եթե ընկերության սեփականատերը պատասխանատվություն է կրում իր ղեկավարման շրջանում տեղի ունեցած չարաշահումների համար, ապա նույն տրամաբանությամբ պատասխանատվության պետք է ենթարկվի նաև երկրի ղեկավարը։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իշխանությունն իրենց համար ոչ թե վայելք է, այլ ծանր պատասխանատվություն, որից, սակայն, չեն կարող հրաժարվել մինչև խաղաղության գործընթացի ավարտը։
«Իշխանությունը պահելու խնդիր, իհարկե, ունենք, որովհետև, ի տարբերություն ձեզ, իշխանությունը մեզ համար վայելք չէ, այդ իշխանությունն արդեն ստեղներս է հասել»,- նշել է նա։
Փաշինյանը նաև քաղաքական գործարք է առաջարկել ընդդիմությանը՝ կոչ անելով չխոչընդոտել խաղաղության գործընթացին և հնարավորություն տալ այն հասցնել տրամաբանական ավարտին։
«Ես շատ պարզ բան եմ ասում, գործարք եմ առաջարկում ձեզ․ եկեք դուք այդ Վասիլիչին թողեք, մենք գնանք խաղաղությունը հաստատենք, ստորագրենք, վերջնական վավերացնենք, դրանից հետո մենք գնանք մեր գործին, դուք էլ գնացեք ձեր գործին»,- հայտարարել է նա։
Փաշինյանի խոսքով՝ խաղաղության օրակարգի ուղղությամբ կառավարության ծրագիրն արդեն հաստատված է, և ինքը մտադիր չէ նահանջել կիսատ թողած գործից․ «Մինչև խաղաղությունը չհաստատվի, մինչև խաղաղությունը հաստատված և ինստիտուցիոնալ չդառնա, ես չեմ գնալու։ Դուք դա չեք կարողանալու անել»։