Արցախում տեղի ունեցողը հանցագործություն է մարդկության դեմ. Լուկաս Ֆուրլաս

04 Հոկտեմբերի 2023, 22:15

Քաղաքականություն

Այն, ինչ տեղի է ունենում Արցախում այս պահին, խայտառակություն է Եվրոպական միասնության և ազգային հանրության համար, դա հանցագործություն է մարդկության դեմ, և մենք պետք է միջոցներ ձեռնարկենք հե՛նց հիմա: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը՝ շեշտելով, որ պատժամիջոցը միակ լեզուն է, որը Ալիեւն ու Էրդողանը կհասկանան:

«Բավակա՛ն է խոսել, պետք է քայլեր ձեռնարկել: Պետք է վե՛րջ դնել Եվրոպական Միության երկակի ստանդարտների քաղաքականությանը։ Մեր հայ եղբայրները պետք է իմանան, որ իրենք միայնակ չեն։ Մենք կանգնած ենք նրանց կողքին»,- ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ բոլորը Ուկրաինայի համար շատ բան են արել: Լուկաս Ֆուրլասը հռետորական հարց է հնչեցնում՝ իսկ ի՞նչ են արել հայերի համար. «Մենք պետք է վե՛րջ դնենք Ադրբեջանի ագրեսիային հենց հիմա։ Այլևս ժամանակ չունենք: 120 հազար փախստական Է եկել Արցախից Հայաստան՝ իրենց կյանքը փրկելու համար։ Ի՞նչ պետք է անեն այս մարդիկ: Մենք այդքան բան ենք արել Ուկրաինայի հարցում, ի՞նչ ենք արել հայերի համար։ Ոչի՛նչ: Ահա թե ինչու եմ ասել, որ սա խայտառակություն է Եվրոպական Միության համար, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք հե՛նց հիմա»,- նշել է մեր զրուցակիցը:

Եվրախորհրդարանի պատգամավորն այն համոզմանն է, որ միայն պատժամիջոցները կարող են Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարներին ստիպել՝ դադարեցնել ագրեսիան.

«Բանաձևը շատ խիստ կլինի, բայց ես վստահ չեմ, որ Ալիևը կամ Էրդողանը հասկանում են իրենց դեմ բանաձևերը: Միակ բանը, որ նրանք կկարողանան հասկանալ, նրանց դեմ պատժամիջոցներն են։ Պատժամիջոցները միակ լեզուն են, որ Ալիևը և Էրդողանը կհասկանան, և ուրիշ ոչինչ։ Բանաձևը լինելու է շատ ուժեղ, խիստ, բայց դա բավարար չէ»,- եզրափակել է Լուկաս Ֆուրլասը:

Հիմա եթերում