Նկուղում էինք մնում, հրթիռակոծության ձայները չէին դադարում, թշնամին հասել էր քաղաքի արվարձաններ. Վերոնիկա Պետրոսյան

18 Հոկտեմբերի 2023, 22:00

Քաղաքականություն

Արցախից բռնի տեղահանված 28-ամյա Վերոնիկա Պետրոսյանը Հայաստանում դեռ մշտական աշխատանք չունի։ Նա հյուրանոցային ոլորտի մասնագետ է, զբաղվում է նաեւ ծաղիկների, նվերների ձեւավորմամբ ու ձեռագործ խաղալիքներ է պատրաստում։ Հիմնական աշխատանք չունենալու պատճառով հիմա Վերոնիկային հաճախ կարելի է տեսնել խաղալիքներ պատրաստելիս։

«Սոցցանցերում գրել եմ, որ ձեռագործ խաղալիքներ եմ պատրաստում, չեք պատկերացնի, թե ինչ մեծ արձագանք եմ ստացել։ Շատերն են ոգեւորող խոսքեր գրել, նույնիսկ մի քանի պատվիրատուների հետ եմ ծանոթացել, հրաշալի մարդիկ են, որոնք փորձում են ինչ-որ բանով օգտակար լինել։ Արդեն պատվերներ եմ ստացել նույնիսկ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, հասկանում եմ, որ կան մարդիկ, որոնք ուղղակի ուզում են օգնել, գուցե երեխա էլ չունեն, խաղալիք էլ պետք չէ նրանց, բայց ինձ օգնելու համար պատվիրում են։ Էդ մարդկանց արձագանքը մի աշխարհ արժե ինձ համար»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է Վերոնիկան։

Երեւանից մի քիչ հեռու գտնվող Ձորաղբյուր համայնքում են հաստատվել Վերոնիկայի եւ նրա մորաքրոջ ընտանիքները, 7 հոգով միասին են ապրում՝ վարձով։ Վերոնիկան Ստեփանակերտից է բռնագաղթել։ Ապրում էր ամուսնու եւ 4-ամյա որդու հետ, այնտեղ էին բնակվում նաեւ նրա մայրը, եղբայրը, մյուս բարեկամները։ Ամենակարեւորը հայրենիք ենք կորցրել, ասում է Վերոնիկան՝ մինչեւ այդ թվարկելով Ստեփանակերտում թողած տներն ու բիզնեսները։ Հիմա մնացել են ձեռնունայն, իսկ ամենադժվարը որդուն բացատրելն է, որ չեն կարող հետ գնալ Արցախ։

«Տղաս ամեն անգամ քնելուց առաջ հարցնում է՝ չենք գնո՞ւմ Ստեփանակերտ ու ես չգիտեմ՝ ինչ պատասխանեմ, չեմ ուզում ասել, որ հայրենիքդ, տունդ կորցրել ես, նույնիսկ մանկապարտեզդ ես կորցրել, որ իրեն ցավ չպատճառեմ, բայց չեմ էլ ուզում խաբել, հույս տալ, որ մոտ ապագայում վերադառնալու ենք»,- ասում է Վերոնիկան։

Սեպտեմբերի 19-ը Վերոնիկայի համար հիշարժան օր է՝ որդու տարեդարձն է։ Այս տարվա սեպտեմբերի 19-ը նրա հիշողություններում ասոցացվում են հրթիռակոծության ձայների հետ։ Հենց այդ օրը Ադրբեջանը հարձակվեց Արցախի դեմ։  Ժամը 13։00-ն չկար, երբ Վերոնիկան տղայի հետ, նվերները ձեռքներին մանկապարտեզից տուն էին գնում, երբ լսեցին հրթիռակոծության ձայները։

«Ինձ համար պարզ էր, թե ինչ է կատարվում, հասկացա, որ մի պայթյունով չի վերջանալու, 44-օրյա պատերազմի կրկնությունն էր։ Մենք տուն չհասանք, բալիկիս հետ գնացինք նկուղ, այդտեղ մնացինք երկու օր, որովհետեւ հրթիռակոծության ձայները չէին դադարում։ Վիճակը շատ վատ էր, թշնամին քաղաքի արվարձաններում էր»,- հիշում է Ստեփանակերտի բնակչուհին։   

Վերոնիկան դժոխքի հետ է համեմատում իր հարազատ, մաքուր Ստեփանակերտը, որն այդ օրերին կորած էր աղբի մեջ։

«Մարդիկ շրջաններից մի պայուսակով դուրս էին եկել, երեխաների հետ չգիտեին՝ որտեղ ապրեն, խանութներում հաց չկար, չգիտեին, ոնց երեխաներին կերակրեն։ Մեր հյուրանոցը՝ «Վալլեքս Գարդենը», 600 հոգու ապաստարան էր տրամադրել, կերակրել։ Քաղաքում քաոս էր տիրում, մարդիկ ճամպրուկներով փողոցներում էին, երեխաները գետնին էին քնում, դժոխք էր, ես չեմ ուզում Ստեփանակերտն էդպիսին հիշել, որովհետեւ մեր Ստեփանակերտը շատ մաքուր, սիրուն ու հանգիստ քաղաք էր»,- ասում է Վերոնիկան։

Վերոնիկան ընտանիքի հետ Ստեփանակերտը հարկադրված լքել է սեպտեմբերի 27-ին։ Արցախից Հայաստան բռնագաղթի ճանապարհը տեւել է 30 ժամ, որի մասին նախընտրում է չհիշել իր տունը ստիպված լքած արցախցին։

«Մենք մինչեւ վերջին րոպեն ուզում էինք մնալ Ստեփանակերտում, նույնիսկ էդքանից հետո հույս ունեինք, որ ինչ-որ բան կորոշվի, լուծում կգտնեն, բայց ամենավերջին բանը, որի հետ չէին համաձայնի արցախցիները՝ ադրբեջանցիների հետ ապրելն էր, որովհետեւ մենք նրանց հետ չենք կարող համատեղ ապրել, անհնարին բան է, դրա համար էլ մարդիկ ստիպված եղան լքել իրենց տները։ Մինչեւ կյանքիս վերջն էլ Արցախն ինձ համար լավագույն տեղն է լինելու, Արցախը դրախտավայր է»,- մեծ ջերմությամբ ասում է Վերոնիկան։

Ադրբեջանական անցակետերում թշնամու վարքագիծը Վերոնիկան այսպես է նկարագրում.

«Քմծիծաղ էին տալիս, թե մենք մեր ուզածին հասանք։ Մեզ հարցնում էին՝ մեր ցանկությամբ ենք հեռանում Արցախից, սադրող հարցեր էին տալիս, որ վեճ սկսվեր, ու եթե նյարդերից մի քիչ թույլ լինեիր, լեզվակռիվ կսկսեիր ու քեզ կառեւանգեին։ Մենք իրենց հարցերին չէինք պատասխանում»։

Հայրենիքից բռնի տեղահանված կինն ասում է՝ արցախցիները հույս ունեին, որ ռուս խաղաղապահներն ինչ-որ բան կանեն, որ իրենք մնան Արցախում, չլքեն իրենց հողը։

«Ռուս խաղաղապահները գիտեին, որ մենք ադրբեջանցիների հետ չենք ապրի, դա մեր կարմիր գիծն էր, մենք չէինք սպասում, որ էսպիսի ավարտ կունենա ամեն ինչ»,- ասում է Վերոնիկան։  

Մեկշաբաթյա դժոխային օրերից հետո Վերոնիկան հիշում է՝ ի սրտե ուրախացան այն ժամանակ, երբ հասան Հայաստանի սահման՝ Կոռնիձոր, որտեղ մեր հայրենակիցները նրանց ջերմությամբ են դիմավորել։

Վերոնիկայի ընտանիքը նախընտրել է չօգտվել պետության առաջարկած անվճար կացարաններից՝ մտածելով, որ դրա կարիքն առավել շատ ունեն անապահով ընտանիքները։ Ինչ վերաբերում է կառավարության կողմից արցախցիներին փոխանցվող դրամական փոխանցումներին, ապա Վերոնիկայի ընտանիքը դեռ չի ստացել այդ գումարը։

«Մենք ակնկալում ենք, որ աշխատանք գտնենք ու ինչպես Արցախում էինք մեր աշխատանքով ապրում, այնպես էլ այստեղ մեր կյանքն կապահովենք։ Բայց եթե պետության կողմից աջակցություն տրվի, դեմ չենք լինի օգտվել դրանցից։ Հիմա ավելի մեծ խնդիր կա, որը պետք է լուծվի.փաստացի մենք փախստականներ ենք, չունենք ոչ մի բան, ու եթե մեր պետական մարմինները կարողանան բարձր մակարդակում այդ հարցը լուծել ու մեզ փախստականի կարգավիճակ տալ, դա ամենաառաջին օգնությունը կլինի արցախցիներին»,- ասում է Արցախից բռնի տեղահանված Վերոնիկան։