Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չի կնքվելու «3+3»-ի հարթակում. Ալիևի ներկայացուցիչ

24 Հոկտեմբերի 2023, 19:10

Քաղաքականություն

«3+3» ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան,Ռուսաստան, Իրան, Թուրքիա) երբեք չի եղել հակամարտությունների կարգավորման հարթակ։ Այս մասին BBC ռադիոյի ուղիղ եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Ըստ էության, այս հարթակը երբեք նախատեսված չի եղել որպես որևէ կոնֆլիկտային իրավիճակների լուծման հարթակ, ի սկզբանե, նախագահ Իլհամ Ալիևի գաղափարը եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ավարտից հետո տարածաշրջանային համագործակցություն հաստատելը… Եվ ես կարծում եմ, որ այսօր Հայաստանն ու Ադրբեջանը նույնպես կիսում են այն տեսակետը, որ եկել է ժամանակը օգտվելու այս հնարավորությունից և ավարտին հասցնելու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները, բայց դա այն չէ, ինչ արվելու է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակում, դա արվելու է Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկկողմ բանակցությունների միջոցով»,- ասել է նա։

Ըստ նրա՝ «3+3» ձևաչափի մասնակիցները հոկտեմբերի 23-ին Թեհրանում իրենց երկրորդ հանդիպման ժամանակ եկել են համաձայնության, որ տարածաշրջանի երկրները պետք է առաջատար դեր խաղան տարածաշրջանային խնդիրների լուծման գործում, ոչ թե արտատարածաշրջանային խաղացողները՝ փորձելով վնասակար միջամտությամբ ազդել տարածաշրջանի գործերին:

«Օրինակ, Ֆրանսիան չարաշահում է իր առաջատար դերը միջազգային այնպիսի կառույցներում, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրամիությունը, Եվրախորհրդարանը և անգամ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը: Մշտապես կողմնակալ, միակողմանի և բացահայտ հակաադրբեջանական նախաձեռնությունները առաջ տանելով՝ Փարիզը, «դառնում է իր ներքաղաքական օրակարգի պատանդը, և դրանով իսկ, խարխլում է ոչ միայն սեփական հեղինակությունը, այլև Եվրամիության՝ որպես հայ-ադրբեջանական կարգավորման մեջ հնարավոր միջնորդի համբավը»»,- նշել է Ամիրբեկովը։