Ադրբեջանը չի պատրաստվում ներխուժել Հայաստան․ Ալիևի ներկայացուցիչ

12 Նոյեմբերի 2023, 18:50

Քաղաքականություն

Ադրբեջանը չի պատրաստվում ներխուժել Հայաստան։ Այս մասին իտալական In Terris-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

««Զանգեզուրի միջանցքը» տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանի և նրա անկլավ Նախիջևանի միջև։ Ըստ էության, ոչ միայն կապող օղակ է Ադրբեջանի և Հայաստանի կամ տարածաշրջանի երկրների միջև, միևնույն ժամանակ, ավելի լայն իմաստով, կարող է այլընտրանքային ճանապարհ դառնալ՝ միացնելով Ասիան Եվրոպայի հետ։ Եթե Երևանին դուր չի գալիս «միջանցք» ձևակերպումը, ապա կարելի է օգտագործել այնպիսի տերմիններ, ինչպիսիք են երթևեկությունը, ճանապարհը, խաչմերուկը»,- ասել է Ամիրբեկովը։

Ալիևի ներկայացուցչի փոխանցմամբ՝ եթե Հայաստանը չկատարի իր ստանձնած պարտավորությունները, Ադրբեջանը ունի այլընտրանքային տարբերակ։

«Իրանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու նախագիծը կիրականացվի սեղմ ժամկետներում: Իսկ Հայաստանը կմնա տարածաշրջանային փակուղու իր դիրքում, և դա կլինի հենց հայերի ընտրությունը»,- նշել է Ամիրբեկովը։