Բաքուն Երևանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նախագծի հիմնական սկզբունքները. Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ
28 Դեկտեմբերի 2023, 13:17
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել հինգ հիմնական սկզբունքներ, որոնք հիմք են հանդիսացել Բաքվի կողմից պատրաստված խաղաղության համաձայնագրի նախագծի համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
«Անցյալ շաբաթ հայկական կողմին է փոխանցվել խաղաղության համաձայնագրի տեքստի վերջին տարբերակը, այժմ Բաքուն Երևանից պատասխան է ակնկալում իր առաջարկներին: Մենք նախանշել ենք հինգ հիմնական սկզբունքներ, որոնք հիմք են հանդիսացել Բաքվի կողմից պատրաստված խաղաղության համաձայնագրի նախագծի համար», — ասել է նա։
Ամիրբեկովը հավելել է, որ «Ադրբեջանն ու Հայաստանը կարող են ընդհանուր սահմանի որոշման հարցը լուծել ավելի ուշ փուլում՝ հաշվի առնելով այդ գործընթացի բարդ ու ժամանակատար բնույթը»:
«Այժմ անհրաժեշտ է զբաղվել խաղաղության պայմանագրով։ Սահմանի որոշման հարցը կարող է լուծվել ավելի ուշ փուլում՝ հաշվի առնելով դրա բարդ և ժամանակատար բնույթը», — ասել է նա։
Ամիրբեկովը Հայաստանին կոչ է արել «մինչեւ վերջ գիտակցել Ադրբեջանի հետ խաղաղության ողջ օգուտը» եւ «վերջնականապես հրաժարվել վնասակար պատրանքներից, որոնք ուղղված են խաղաղ գործընթացի խափանմանը»:
«Խաղաղ գործընթացի այս վճռական փուլում, երբ կողմերն ընդհանուր առմամբ հեռու չեն խաղաղության համաձայնագրի համաձայնեցումից, անհրաժեշտ է կոնկրետ արդյունքների հասնելու Երեւանի անկեղծ տրամադրվածությունը։ Անցած շաբաթ հայկական կողմին փոխանցելով խաղաղության համաձայնագրի տեքստի վերջին տարբերակը՝ Բաքուն այժմ Երևանից պատասխան է ակնկալում իր առաջարկներին», — ասել է նա։