Ի՞նչ բուհերի և մասնագիտությունների են նախապատվություն տվել դիմորդները

25 Մայիսի 2023, 10:05

Կրթություն

ՀՀ բուհերի արցախցի դիմորդները ստեղծված իրավիճակից ելնելով ներբուհական քննությունները կհանձնեն Արցախում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը:

«Արդեն ընթացքում է համապատասխան առարկայական հանձնաժողովների ստեղծման գործընթացը, որն իրականացվում է Արցախի Հանրապետության և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունների համատեղ ջանքերով:

Նախատեսվելու է քննությունների անց կացման թափանցիկ ձևաչափ, ընթացքը տեսաձայնագրվելու է»,- մանրամասնել է Յ. Քարամյանը՝ հավելելով, որ նաև համաձայնություն է ձեռք բերվելու համապատասխան բուհերի հետ:

Նրա խոսքով՝ մայիսի 8-ին ավարտվել է բուհերի ընդունելության հայտագրման փուլը: Արդյունքում՝ հայտերի մեծամասնությունն Արցախի Հանրապետության բուհերի համար:

Դիմորդներ թվով առաջին տեղում Արցախի պետական համալսարանն է, այնուհետև՝ «Մեսրոպ Մաշտոց» Շուշիի տեխնոլոգիական և «Գրիգոր Նարեկացի» համալսարանները:

Արցախից ՀՀ բուհերից գերակշռում են Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան, այնուհետև Երևանի պետական և Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարաններ ընդունվելու հայտերը:

Ըստ մեր զրուցակցի՝ նպատակային տեղերով ԵՊՀ հայտագրվածներից մեծաթիվ են «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» «Անգլերեն, ֆրանսերեն և հաղորդակցություն», «Տեղեկատվական անվտանգություն», «Միջազգային հարաբերություններ մասնագիտությունների դիմորդները, իսկ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում՝ «Լոգոպեդիա», «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտությունների դիմորդները։ «Դիմորդ չի հայտագրվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համար, չնայած կարևոր մասնագիտություններին՝ «Ագրոէկոլոգիա», «Անտառային տնտեսություն», «Բնակավայրերի կանաչապատում»»,- եզրափակել է Յ.Քարամյանը: