Տաղանդավոր մարդն ամեն ինչում տաղանդավոր է. Աշոտ Ջազոյան
12 Փետրվարի 2024, 20:17
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հայտնի հայ լրագրող, պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ Աշոտ Ջազոյանը փետրվարի 11-ին նշել է ծննդյան 70-ամյակը։
Աշոտ Եղիշի Ջազոյանը ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Այնուհետև դասավանդել է քաղաքական տնտեսություն Պոլիտեխնիկական ինստիտուտում։
80-ականների սկզբին ընտրվել է Երիտասարդ գիտնականների և մասնագետների խորհրդի նախագահ և Երևանի Մյասնիկյանի շրջկոմի կոմերիտմիության քարտուղար։
Մինչև 90-ական թվականներն աշխատել է նաև Երևանի կուսակցական մարմիններում՝ որպես Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի մշակույթի բաժնի վարիչ: Հարկ է նշել, որ նա միաժամանակ հասցրել է աշխատել հեռուստատեսությունում։
Ջազոյանը, որպես սցենարիստ, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի մի շարք ամանորյա ծրագրերի և հաղորդումների ստեղծմանն է մասնակցել, նաև եղել է «Երևանը հրավիրում է հյուրերին» ֆիլմի սցենարիստը:
ԽՍՀՄ փլուզումից հետո եղել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոխտնօրեն։ Բացի այդ, Աշոտ Ջազոյանը եղել է «Արմենպրես»-ի մոսկովյան թղթակիցը:
Նա նաև եղել է կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր և ստեղծող՝ «Մեկը միլիոնից», «Ռուսաստանն այսօր», «36 մարտիկներ», «Նկարիչը», «Օրբելիների կոդը» և այլն։
2021 թվականին նրա «Приглянувшиеся» վավերագրական ֆիլմը ներկայացվել է «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական ֆիլմերի 29-րդ փառատոնի «Համատեղ արտադրություն» անվանակարգում։ Ֆիլմի վրա աշխատանքը տեղի է ունեցել «Բացահայտելով Ռուսաստանը» միջազգային մուլտիմեդիա նախագծի շրջանակներում։
Մոտ երկու շաբաթ միջազգային թիմը պատմություններ էր հավաքում Լենինգրադի մարզում ապրող և աշխատող մարդկանց մասին: Ֆիլմը արժանացել է հանդիսատեսի և Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի բարձր գնահատականին։