Սոնա Զեյթլեան. Հայ ֆեմինիզմի պատմագիրը
09 Ապրիլի 2024, 22:30
Գլենդելում ՀՕՄ-ի և «Համազգայինի» նախաձեռնությամբ ապրիլի 7-ին նշվել է գրող, մանկավարժ, ազգային և հասարակական գործիչ Սոնա Զեյթլյանի գործունեության 70 ամյակը: Հոբելյանական երեկոյին ողջյույնի խոսք էր հղել ֆրանսահայ գրող Գրիգոր Պլտեանը, որն ընթերցել է ՀՕՄ-ի Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետուհի Վիքի Մարաշլեանը:
Տեր Նժդեհ քահանա Քեշիշեանը Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերեանի անունից շնորհավորական խոսք է հղել անվանի մտավորականին և ընթերցել առաջնորդ հոր նամակը, որը գնահատանքի խոսք էր՝ ուղղված նրա հասարակական գործունեությանն ու գրական ժառանգությանը:
Սոնա Զեյթլյանը հայտնի է դաձել իր «Հայ Կնոջ Կեանքի Ուղիին Հետքերով» աշխատությամբ, որի համար արժանացել է Կիլիկիո Կաթողիկոսության «Գէորգ Մելիտինեցի» մրցանակի, իսկ 1973 թվականին նա հրապարակել է «Մուսա լերան ժողովրդական հեքիաթները», որ անձամբ էր հավաքագրել Լիբանանի Անճար հայկական գյուղում բնակվող մուսալեռցիների պատմություններից: Նրա ուսումնասիրությունների թեման հայ կինն է՝ միջնադարից մինչև Հայաստանի առաջին հանրապետություն, գրող Զապել Եսայանից մինչև առաջին հայուհի դիվանագետ Դիանա Աբգար:
1980-ականներին էլ հրատարակել է հայ պատմական հերոսների կյանքին ու գործունեությանը նվիրված քառահատոր վիպակներն «Արի առանց» ընդհանուր խորագրով:
Կարևոր աշխատություններից են նաև նրա «Վաղ միջնադարյան և արդի Եգիպտոսի պատմության մեջ հայության ներդրումները» ուսումնասիրությունը: 2004թ-ին հայերեն, 2006թ-ին անգլերեն թարգմանված այս աշխատությունը դրական ազդեցություն է ունեցել Կահիրեի պետական համալսարանի Հայագիտության բաժնի աշխատանքի վրա:
Միջոցառման ժամանակ Սոնա Զեյթլյանի որդին՝ Հրազդանը, գնահատելով մայրիկի ժառանգությունն՝ ասել է, որ այսօր էլ 90-ամյա Սոնան շարունակում է ստեղծագործել, զբաղված է նորանոր ուսումնասիրություններով:
Չնայած իր ինսունամյա տարիքին, Սոնա Զեյթլյանը մշտապես հետևում է հայաստանյան իրադարձություններին և ինչպես ինքն է ասում՝ սրտի ցավով է հետևում հայրենիքի ներկա վիճակին։