Զախարովան Փաշինյանին կոչ է արել անվանել այն երկրները, որոնք Հայաստանին «օգնելու իմիտացիա» են ստեղծել

23 Մայիսի 2024, 16:10

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել անվանել այն երկրները, որոնք իբր զբաղվել են Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ երկրին «օգնության իմիտացիայով»: Այս մասին գրում Է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Փաշինյանը ՀԱՊԿ երկու երկրների մեղադրել էր 2020 թվականին Արցախում Հայաստանի դեմ պատերազմ նախապատրաստելու մեջ: Նրա խոսքով՝ դրանք զբաղվել են երկրին «օգնելու իմիտացիայով»։

«Միանգամայն տրամաբանական կլիներ դրանք հնչեցնել, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է։ Բայց դա թողնենք պաշտոնական Երևանին», — ասել է նա։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանը «իրեն լքված և մոռացված չզգա»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջին օրերից Մոսկվան ամենաակտիվ քաղաքական-դիվանագիտական ջանքերն է ձեռնարկել հրադադարի համար: