Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Էթնիկ կոդ». Մանիտա Վարդան

22 Հունիսի 2024, 14:00

Ի՞նչն է օգնում մեզ՝ հայերիս, որտեղ էլ որ ապրենք, սիրված եւ պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։

Alpha News-ի «Էթնիկ կոդ»-ի հերթական թողարկման հերոսը բուլղարահայ Մանիտա Վարդանն է, որը «Միսիս Բուլղարիա 2022» եւ «Միսիս Եվրոպա 2023» գեղեցկության մրցույթների հաղթողն է:

Մանիտա Վարդանը 4-րդ սերնդի բուլղարահայ է: Նա Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է: Նրա տատիկի ընտանիքը Արեւմտյան Հայաստանից գաղթել է Բուլղարիա եւ հաստատվել Պլովդիվ քաղաքում:

«Պահպանված ձայնագրություն կա, որում տատիկիս հայրը պատմում է, թե ինչերի միջով են ինքը, քույրն ու մայրն անցել աքսորի ճանապարհին: Նրանց պատմության մասին ես շատ եմ ուզում գրել, նպատակս էր, որ տեսնեմ, թե որտեղ են այդ գործողությունները եղել: Մեկ այլ բան է, երբ տեսնում ես ու հետո մտքերդ թղթին հանձնում, մեկ ուրիշ բան, երբ դրա մասին գրում ես լսածդ պատմությունների հիման վրա: Ես եղել եմ Արեւմտյան Հայաստանում»,- պատմում է Մանիտա Վարդանը:

Մանիտա Վարդանը նրա բեմական անունն է, իսկական ազգանունը Խաչիկյան է, Վարդանը նրա հոր անունն է: 36-ամյա Մանիտան մասնագիտությամբ բանասեր է: Նա աշխատել է որպես ուսուցչուհի, զբաղվել եւ շարունակում է զբաղվել լրագրությամբ եւ հաղորդավարությամբ: Վերջին տարիներին, սակայն, կյանքը շեղել է Մանիտային իր մասնագիտական գործունեությունից եւ տարել դեպի գեղեցկության մրցույթներ, որտեղ նա մեծ հաջողություններ է գրանցել:

«Աղջիկս՝ Էլիզաբեթը, երգում է: Ես ուզում էի նրան ցույց տալ, որ երբ մարդն ուզում է հաջողության հասնել եւ շատ ջանք է ներդնում դրա համար, նա ամեն ինչի էլ կարող է հասնել: Եվ մի օր համացանցում հայտարարություն տեսա, որ փնտրում են ամենագեղեցիկ բուլղարացի կնոջը եւ որոշեցի մասնակցել քասթինգին: Չէի սպասում, որ կանցնեմ, բայց 300 մասնակցից քսանն անցան եզրափակիչ փուլ եւ «Միսիս Բուլղարիա 2022» մրցույթում հաղթողը ճանաչվեցի հենց ես: Իսկ հաջորդ տարի՝ 2023-ին, ես հաղթեցի նաեւ «Միսիս Եվրոպա 2023» մրցույթում»,- պատմում է Մանիտա Վարդանը:

Մանիտա Վարդանն այս տարի առաջին անգամ այցելել է Հայաստան: Նա այստեղ է իր ամուսնու եւ դստեր հետ: Ասում է՝ տպավորված ու սիրահարված է Հայաստանին եւ խոստանում կրկին գալ այստեղ: