Հայ գիտաշխատողի աշխատանքը՝ Միջազգային աստղագիտական միության 2022-ի լավագույն թեկնածուական թեզերի շարքում
08 Հունիսի 2023, 16:50
«Tech.news.am»-ի փոխանցմամբ՝ Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ գիտաշխատող Նաիրա Ազատյանի «Երիտասարդ ենթակարմիր աստղակույտերի որոնում և ուսումնասիրություն» աշխատանքը տեղ է գտել Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 2022թ-ի լավագույն (հաղթանակած) թեկնածուական թեզերի թվում։ Աշխատանքի գիտական ղեկավարն է Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, ֆ․-մ․գ․թ․ Ելենա Նիկողոսյանը։
1919-ին հիմնադրված Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) ամբողջ աշխարհի աստղագետների համար գլխավոր մասնագիտական մարմինն է։ ՄԱՄ-ը համախմբում է ավելի քան 12,000 ակտիվ պրոֆեսիոնալ աստղագետների ավելի քան 100 երկրից: Դրա բազմաթիվ առաքելությունները ներառում են ՄԱՄ-ի PhD թեզերի մրցանակը, որը տրվում է սկսնակ երիտասարդ աստղագետներին՝ ակնառու գիտական նվաճումների համար:
Նաիրա Ազատյանի թեկնածուական թեզը նվիրված է ժամանակակից աստղաֆիզիկայի ամենաարդիական և ակտիվ զարգացող ուղղություններից մեկին, այն է՝ աստղառաջացման տիրույթների ուսումնասիրությանը, տիրույթներ, որոնք կարելի է համարել Գալակտիկայի բոլոր աստղերի օրրաններ: Չնայած խնդրի հրատապությանը՝ աստղերի ձևավորման տեսության մեջ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ: Հատկապես շատ հարցեր կան կապված մեծ զանգված ունեցող աստղերի առաջացման և էվոլյուցիայի հետ։ Այդ պատճառով բոլոր նոր արդյունքները մեծ հետաքրքրություն են առաջացնում։
Իր ատենախոսությունում Նաիրան, որպես օրինակ օգտագործելով չորս աստղառաջացման տիրույթներ, ցույց է տվել, որ մայր մոլեկուլային ամպի սկզբնական պարամետրերի (ջրածնի խտություն, փոշու ջերմաստիճան), բուն աստղի ձևավորման գործընթացի (արտաքին հարվածային ալիք կամ ինքնաբուխ հաջորդական խտացումներ) և աստղային բնակչության ցուցանիշների միջև կա լավ արտահայտված կապ։ Ավելին, ապացուցվել է, որ դիտարկված երիտասարդ աստղակույտերը ձևավորվել են տարբեր սցենարներով: Նրանցից երկուսի (G45.07+0.13 և G45.12+0.13) աստղառաջացման ընթացքը ակնհայտորեն սկսվել է հարվածային ալիքի ազդեցության հետևանքով, և աստղերի ձևավորումն ընթացել է շատ արագ: Եվ հակառակը, դանդաղ, հաջորդաբար, անկախ խտացումներ են առաջացել երկու այլ տիրույթներում (IRAS 05137+3919 և IRAS 05168+3634):
Մյուս կողմից մեծ զանգված ունեցող երիտասարդ աստղերը հայտնաբերվել են միայն G45.07+0.13 և G45.12+0.13 տիրույթներում, որոնցում, ըստ երևույթին, մայր մոլեկուլային ամպի սկզբնական խտությունն ավելի մեծ է եղել։
Արդյունքում ատենախոսությունում եզրակացվել է, որ մեծ զանգվածով աստղերի ձևավորումը կարող է սկսվել ավելի բարձր սկզբնական խտությամբ տիրույթներում, և որ նրանց ձևավորումը պետք է շատ արագ ընթանա:
Նշենք, որ նման նվաճում Բյուրականի աստղադիտարանում առաջին անգամ է գրանցվել։ Շնորհավորում ենք Նաիրային և հույս հայտնում, որ այս օրինակը կոգեշնչի հայ երիտասարդ աստղագետներին։