Սփյուռքին աղետալի հետևանքներ են սպասվում, եթե այս իշխանությունները մնան․ Արամ Շահնազարյան

Այս ընտրություններում Սփյուռքին ամենից շատ մտահոգում է ազգային ինքնության հարցը: Alpha News-ի հետ զրույցում ասել է սփյուռքահայ գործիչ Արամ Շահնազարյանն՝ անդրադառնալով հունիս 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

«Այս ընտրությունների հետ կապված՝ Սփյուռքում ամենամեծ մտահոգությունն ինքնության հարցն է։ Կասեի, որ Սփյուռքի համայնքների 90-95 տոկոսին հուզում է այն, որ գործող իշխանությունները հարվածի տակ են առել հայկական ինքնությունը»,- նշել է նա։

Շահնազարյանի խոսքով՝ իշխանությունները փորձում են վերախմբագրել և խեղել հայկական ինքնությունը, վերաշարադրել հայոց պատմությունը, ջնջել պատմական հիշողությունը, ինչպես նաև արժեզրկել հայ ժողովրդի ինքնությունը մարմնավորող խորհրդանիշներն ու արժեքները։

«Եթե այս իշխանությունները մնան և շարունակեն այս քաղաքականությունը, դրա հետևանքները Սփյուռքի համար իսկապես կարող են աղետալի լինել։ Սփյուռքահայ համայնքներն իրենց գոյությունը պահպանում են հենց այդ խորհրդանիշների, պատմական հիշողության և ինքնության հիմքերի շնորհիվ»,- ասել է Շահնազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: