Արևմուտքի հետ համագործակցելով՝ Հայաստանը վտանգում է սեփական անվտանգությունը. Մարիա Զախարովա
18 Հուլիսի 2024, 18:03
Հայաստանը վտանգում է սեփական անվտանգությունը՝ համագործակցելով Արևմուտքի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանում նախընտրում են մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. տարօրինակ պատմություն է, իհարկե։ Նրանք Վաշինգտոնում մասնակցել են դաշինքի գագաթնաժողովին և համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Վառ օրինակ է «Eagle Partner 2024» զորավարժությունները, որոնք այժմ տեղի են ունենում երկրում։
Սա ոչ միայն ափսոսանք, այլև անհանգստություն է առաջացնում Հայաստանի ապագայի համար, քանի որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն մեկ անգամ չէ, որ նման մեքենայություններ են իրականացրել բազմաթիվ երկրների հետ։ Դուք լավ գիտեք, թե դա ինչպես է ավարտվում՝ օգտագործում են, հետո որպես ավելորդ դեն են նետում»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ խորացնելով համագործակցությունն այն երկրների հետ, որոնց նպատակն է Ռուսաստանի ռազմավարական պարտությունը՝ Երևանը վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ ի վնաս սեփական անվտանգության։