«Կատմանդու» ճամբարն այդ տարի ևս իր դռները կբացի արցախցի պատանիներին համար

22 Հուլիսի 2024, 19:50

Հայեր

«Կատմանդու» ճամբարը իր գործունեությունը սկսել է դեռևս 2014 թվականին՝ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում։ Ճամբարը բավականին կարճ ժամանակահատվածում սիրվել է պատանիների և երիտասարդների կողմից, որոնք մեզ էին միանում Արցախի գրեթե բոլոր շրջաններից։

Արդեն 10 տարի ճամբարն ապահովում է ոչ միայն երեխաների հանգիստն, այլև կատարում է կրթադաստիարակչական առաքելություն՝ իր մշակութային, սպորտային, գեղարվեստական և ժամանցային ծրագրերի շնորհիվ։

Այս տարի անտեսելով բոլոր մարտահրավերները, մեծ ջանք ու եռանդ գործադրելով հաջողվել է կազմակերպել ճամբարը՝ կրկին մի տանիքի տակ հավաքելով 14-ից 18 տարեկան արցախցի պատանիներին, որոնք չնայած մեծ դժվարությունների «Կատմանդու» ճամբարին են միացել ՀՀ տարբեր մարզերից։

Ճամբարի իրականացման գործում իր կարևոր և անգնահատելի ներդրումն են ունեցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմը, առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի գլխավորությամբ և «Հայկական խաչ» բարեգործական հիմնադրամը: Իսկ քաղաք Վանաձորում գտնվող «Ծիծեռնակ» ճամբարի տարածքը սիրով մեզ է տրամադրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարաց թեմը:
Արցախցի երիտասարդների մասնակցությամբ նման ճամբարները և հավաքները անհրաժեշտ են առաջին հերթին մեր ինքնությունը և հայրենի բարբառը պահպանելու, ինչպես նաև արցախցու անկոտրուն ոգին էլ ավելի ամուր դարձնելու համար։