Հայ լուսանկարիչ Նորայր Ավագյանի ֆիքսած հարսանեկան կադրը՝ բրիտանական VOGUE-ում
29 Հուլիսի 2024, 09:14
Հայ հարսնացու Լիա Հակոբյանի հարսանեկան կադրը, որի հեղինակը լուսանկարիչ Նորայր Ավագյանն է, գրավել է բրիտանական VOGUE-ի ուշադրությունը՝ հայտնվելով ամսագրի էջերին։ Ուրախալի նորությամբ ինստագրամյան իր էջում կիսվել է Նորայրը։
«Լիայի նուրբ գեղեցկությունը, որը շեշտված է հայկական եկեղեցու խորհրդավոր աուրայի եւ բոլոր ժամանակներում արդի սեւ ու սպիտակ մշակման ներքո, օգնեց, որ ինձ նկատեն բրիտանական VOGUE-ում։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնել են ստանալ այս գեղեցիկ լուսանկարը»,-գրել է նա։
Ամսագիրն, անդրադառնալով հայ լուսանկարչի աշխատանքին, նշել է․
«Նորայր Ավագյանը փոխանցում է բնական, հուզական եւ ջերմ հարսանեկան կադրեր՝ Հայաստանից եւ Իտալիայից։ Նրա պարզ մոտեցումը նպատակ ունի վավերագրելու սերը՝ իր ամենապարզ էությամբ՝ ցուցադրելով հանգիստ ու աննկատ պահերը, որոնցով բնորոշվում է ձեր եզակի սիրո պատմությունը։ Ներկայացված լուսանկարում նա նրբորեն պատկերել է լույսն ու եկեղեցու աուրան, որոնք ներդաշնակ են հարսնացուի ապրումներին»։