Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանը՝ Երևանում

28 Հուլիսի 2024, 22:43

Մշակույթ

Ալեքսանդր Գրիբոյեդովն իր ժամանակի նշանավոր մարդկանցից է, «Խելքից պատուհաս» գլուխգործոցի հեղինակը, տաղանդավոր դիվանագետ և արևելագետ: Լինելով Թեհրանում ռուսական առաքելության քարտուղար՝ 1819 թվականին այցելել է Հայաստան, որն անջնջելի տպավորություն է թողել նրա վրա։ Գեներալ Պասկևիչի բանակի կազմում մասնակցել է Էրիվանի, Սարդարապատի, Նախիջևանի ազատագրմանը և պարգևատրվել «Էրիվանի գրավման համար» մեդալով։ 1828 թվականին փայլուն դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը դարձել է Ռուսաստանի և Իրանի միջև ստորագրված Թուրքմենչայի խաղաղության պայմանագրի տեքստի հեղինակը։ Հենց նա է կարևոր դեր խաղացել Պարսկաստանից 40 հազար հայերի Արևելյան Հայաստան հայրենադարձության գործում։ +

1975 թվականին Երևանի կենտրոնում տեղադրվել է հայ ժողովրդի մեծ բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովի (1795-1829 թթ.) հուշարձանը, որի հեղինակներն են քանդակագործ Հովհաննես Բեջանյանը և ճարտարապետ Սպարտակ Կնտեղցյանը:

Գրիբոյեդովը ձեռքին պահում է իր հայտնի «Խելքից պատուհաս» պիեսը, որն առաջին անգամ ներկայացվել է 1827 թվականի դեկտեմբերին հենց Երևանում՝ Սարդարի պալատի հայելային սրահում՝ հենց հեղինակի ներկայությամբ։

«Ալեքսանդր Գրիբոյեդովին՝ երախտապարտ հայ ժողովրդից», — գրված է հուշարձանի պատվանդանի վրա: