Իշխանությունը պատժում է բոլոր նրանց, ովքեր մասնակցել են արցախյան պատերազմներին. Լարիսա Ալավերդյան
19 Օգոստոսի 2024, 18:00
Իշխաննությունների կեցվածքը Բաքվի բանտերում պահվող ու արցախյան պատերազմում անհայտ կորած զինծառայողներին վերադարձնելու և գտնելու հարցում խարան է ոչ միայն իրենց, այլև մեր ճակատին: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ արցախյան պատերազմում գերեվարված և անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ բողոքի ակցիային մասնակցող Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Հայաստանի իշխանություններն այս հարցով զբաղվելու, աշխատելու մոդուսը նույնիսկ չեն գտել: 6 տարի է՝ իշխանություն են, բայց մինչև հիմա նախկիններին են մեղադրում այս կամ այն հարցում: Երբ այս իշխանությունը ստորագրեց 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, նա հանձնեց հողերը՝ այնտեղ ռազմական գործողություններին մասնակցող տղաների հետ: Տղաները չգիտեին, որ իրենք արդեն հանձնված են և գերիների մեծ մասը հանձվել են այս իշխանությունների կողմից: Այս երկար ու ձիգ 4 տարիների ընթացքում Կառավարությունը գերիների հարցը չի դարձրել քաղաքական օրակարագի հարց որևէ հարթակում:
Սա նշանակում է Կառավարությունը անգործության է մատնել Բաքվում պահվող ռազմագերիների, պատանդների հարցը: Նրանք ոտնահարել են մարդու իրավունքները: Ես համոզված եմ, որ գերիների հարցում Բաքվից ճնշում չկա, սա այս իշխանությունների համոզմունքն է, նրանք պատժում են բոլոր նրանց, ովքեր մասնակցել են արցախյան պատերազմներին»,- նշում է Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը հունվարի 4-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ այդ պահին Բաքվում հաստատված 23 գերի կա, որոնցից 17-ը գերեվարվել են 2023թ. սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման ժամանակ:
Քյարամյանը հավելել էր նաև, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի ևս 32 գերիների առկայության մասին:
«44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ ունենք փաստական տվյալներ, որոնք ներկայացվել են վերպետական ատյանների»,- ասել էր Քյարամյանը: