Ադրբեջանի հաջորդ պահանջը լինելու է Հայաստանին բանակ ունենալու իրավունքից զրկելը. Իշխան Սաղաթելյան

13 Սեպտեմբերի 2026, 14:40

Քաղաքականություն

Ադրբեջանի հաջորդ պահանջը լինելու է այն, որ Հայաստանը՝ որպես «ագրեսոր» պետություն, չպետք է բանակ ունենա։ Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Պատգամավորը հիշեցրել է, որ չորս տարի առաջ այս օրերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցավ 224 զոհ, իսկ Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 200 քառակուսի կիլոմետր հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո։ Հայաստանի 200 քառակուսի կիլոմետր տարածքն օկուպացնելուց հետո Ադրբեջանը, բնականաբար, չբավարարվեց, և տեղի ունեցավ Արցախի էթնիկ զտումը։ Իսկ 2024 թվականին Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը կրկին հասարակությանը կանգնեցրին երկընտրանքի առջև՝ հայտարարելով, թե պետք է Տավուշի հատվածում նոր տարածքներ զիջել, հակառակ դեպքում պատերազմ կսկսվի»,- նշել է Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները նմանատիպ մարտավարություն են կիրառում նաև այժմ։

«Բոլոր նրանց, ովքեր հայտարարում են, որ չպետք է սպառնալիքների ու շանտաժի ներքո Ադրբեջանին նոր տարածքներ զիջվեն, կամ Բաքվի պահանջով փոխվի ՀՀ Սահմանադրությունը, Նիկոլ Փաշինյանը մեղադրում է պատերազմ հրահրելու ցանկության մեջ»,-հավելել է նա։

Հիմա եթերում