Ադրբեջանում ազատությունից զրկված հայերը պետք է ազատ արձակվեն․ ՀՀ ՄԻՊ

02 Մայիսի 2026, 15:07

Քաղաքականություն

«Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- Հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդման շրջանակում նշել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Լևոն Սարդարյանի հետ զրույցում Պաշտպանն ընդգծել է, որ թեմային անդրադարձել է անընդհատ, առանց որևէ դիմումի` սեփական նախաձեռնությամբ, և շարունակելու է բարձրաձայնել այն՝ օգտագործելով ինչպես հրապարակային, այնպես էլ ոչ հրապարակային գործիքները:

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը՝ Պաշտպանը նշել է, որ միշտ կարևոր է հստակեցնել համանման այցերի նպատակը. «Եթե քաղաքացիների կարծիքով` նման այցերի նպատակը պետք է լինի իմ կողմից մշտադիտարկում իրականացնելը, ապա պետք է արձանագրել, որ դա անհնար է այլ պետության տարածքում»։

Անդրադառնալով ՄԻՊ անկախությանը՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ 🔹Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության անկախությունը չի կարող պայմանավորված լինել այն հանգամանքով, թե որքանով են այդ գործունեության համատեքստում քաղաքական դերակատարները բավարարված համարում իրենց քաղաքական նպատակները:

Ամենապարադոքսալը այս առումով այն է, որ ՄԻՊ անկախության մասին խոսում են այն դերակատարները, ովքեր ժամանակին ունեին պարտավորություններ` կատարելու ՄԻՊ անկախության երաշխավորմանն ուղղված միջազգային հանձնարարականները ու որևէ քայլ չեն ձեռնարկել դրանք կատարելու ուղղությամբ:

Պաշտպանը նաև նշել է, որ 2025 թվականին ՄԻՊ գործունեության արդյունավետությունը եղել է բավական բարձր. պետական մարմինների կողմից կատարվել կամ մասնակի է կատարվել համակարգային բնույթ ունեցող ՄԻՊ առաջարկների շուրջ 70 տոկոսը։📈

Զրույցի ընթացքում Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև մի շարք այլ կարևոր հարցերի՝ վերաբերելի քրեակատարողական համակարգի բարեփոխումներին, խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացին, ինչպես նաև իրավունքների պաշտպանության ոլորտում առկա այլ մարտահրավերներին։