Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին շնորհվել Է Կուբայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամի կոչում

30 Մարտի 2024, 22:52

Կրթություն | Հայեր

Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է Կուբայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի թղթակից անդամի կոչում։ Այս մասին հայտնել Է Կուբայի գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի փոխնախարար Արմանդո Ռոդրիգես Բատիստան:

Գիտնականը մասնակցել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի անդամ պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին:

Յուրի Հովհաննիսյանի գիտական գործունեությունն ավելի քան 60 տարի կապված է Դուբնայի (ՌԴ) Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ, որտեղ կատարել է փորձարարական միջուկային ֆիզիկային և արագացուցչային տեխնիկային վերաբերող համաշխարհային նշանակության հետազոտություններ, դարձել է 104-118 ատոմային կարգահամարով նոր քիմիական տարրերի արհեստական սինթեզի բնագավառում կատարված երկու տասնյակից ավելի հայտնագործությունների հեղինակ և համահեղինակ։

2016 թվականին մեծանուն հայ գիտնականի պատվին Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող 118-րդ տարրն անվանվել է Oganesson (Og): 2021 թվականին Յուրի Հովհաննիսյանն արժանացել է Դ.Ի. Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ–Ռուսաստան միջազգային մրցանակի՝ պարբերական աղյուսակի սահմաններն ընդլայնած հեղափոխական հայտնագործությունների, ինչպես նաև գլոբալ մասշտաբով հիմնարար գիտությունների զարգացման մեջ նշանակալի ներդրում ունենալու համար։