Պետք է կանխել հետագա ցեղասպանությունները. Լենա Հովհաննիսյան

Հայ դատի գրասենյակի արևմտյան մասնաճյուղի նորընտիր խորհրդի անդամ Լենա Հովհաննիսյանը Alpha News-ի հետ զրույցում խոսել է այդ կառույցի քաղաքականության ու հետագա քայլերի մասին։

«Հայ դատի գրասենյակի արևմտյան մասնաճյուղում քաղաքականության փոփոփոխություն հիմնականում չի նախատեսվում, ավելի շատ աշխատելու ենք այն ուղղությամբ, որպեսզի մեր գործունեության աշխարհագրությունը մեծացնենք, որ գրասենյակը ներկայացնի ոչ միայն Կալիֆորնիան, այլև ավելի մեծ տարածք, այդ թվում՝ Նևադան, որտեղից էլ ես եկել եմ»,- մանրամասնել է Լենա Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը եղել է Հայ դատի գործունեության կարևոր թիրախներից մեկը։

«Հայ դատի կարևոր խնդիրներից մեկը միշտ եղել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ադմինիստրացիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Թվում էր, թե հարցը լուծված է, բայց եղավ 44-օրյա պատերազմը, և Բայդենի այդ նույն ադմինիստրացիան ռազմական օգնություն ուղարկեց Ադբեջան՝ կարծես խրախուսելով, որ այդ պատերազմը լինի: Հիմա ունենք նաև այս խնդիրները, որի ուղղությամբ պետք է Հայ դատի գրասենյակն իր աշխատանքները տանի: Մեր ձեռքերումներից մեկն էլ վերջերս ընդունված բանաձևն է, որով արգելվում է ԱՄն ցանկացած կառավարության շրջանցել 907 բանաձևը ու օգնություն տրամադրել Ադրբեջանին»,- ընդգծել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ պետք է այնպես անել, որ կանխվեն ցեղասպանական հետագա գործողությունները։

«Ցեղասպանության ճանաչման օրակարգի խնդիրն այն էր, որ պետք է կանխել հետագա նմանատիպ գործողությունները, դատապարտել, որպեսզի հետագայում անհնար դառնա ցանկացած ցեղասպանության իրականացում: Բայց անմիջապես դրանից հետ մենք տեսանք, որ երկրորդ ցեղասպանությունը տեղի ունեցավ Արցախի հայության նկատմամբ: Եվ այսօր մեր խնդիրն է նաև այդ ուղղությամբ աշխատել»,- նշել է Լենա Հովհաննիսյանը: