«Անսովոր և հետաքրքիր». իտալական «Il Messaggero» պարբերականը՝ Հայաստանի մասին
10 Մայիսի 2025, 15:34

Իտալական հանրահայտ «Il Messaggero» պարբերականը հոդված է նվիրել Հայաստանին՝ պատմելով այն մասին, թե ինչու է այս երկիրն այդքան անսովոր և հետաքրքիր և ինչու այս գարնան արժե անպայման այցելել Հայաստան:
«Գտնվելով ծովի մակերևույթից 1800 մետր բարձրության վրա՝ Կովկասի սրտում, Հայաստանն (մայրաքաղաք Երևանը մոտ 4 ժամ տևողությամբ ուղիղ չվերթներով կապված է Հռոմի և Միլանի օդանավակայանների հետ) այն վայրն է, որը պետք է բացահայտի յուրաքանչյուրը։ Իսկ գարունը, շնորհիվ իր տարածքի մեղմ և արևոտ կլիմայի (90%-ը ծովի մակարդակից 1000 մետրից բարձր է), տարվա իդեալական ժամանակն է ճանապարհորդելու համար:
Հայաստանը «Lonely Planet»-ի վարկածով ընդգրկվել է 2025 թվականին այցելելու համար աշխարհի 30 լավագույն ուղղությունների շարքում՝ ուղղված բնական գեղեցկությանն ու մշակութային արժեքներին ծանոթանալու նոր միտումներին»,- ասվում է հոդվածում:
Հեղինակը կիսվել է Արարատ լեռան հիասքանչ տեսարանով, Խոր Վիրապ և Հաղարծին վանք կատարած այցի տպավորություններով: Արարատը նա անվանել է «սրբազան լեռ», որը պատմականորեն հայկական տարածքի մաս է կազմում: Նա նաև խորհուրդ է տվել այցելել Ակնալիճ գյուղում գտնվող աշխարհի խոշորագույն եզդիական տաճար, Գառնու հեթանոսական տաճարի մոտակայքում գտնվող հուշարձաններից մեկը՝ Քարերի սիմֆոնիան , ինչպես նաև պատմել է Սուրենավանում ավանդական լավաշ թխելու վարպետության դասի և արագիլների բազմաթիվ բների մասին:

